Չկա պատերազմ առանց երկուստեք ու հաճախ իրարամերժ պատումակերտման (narrative building)։ Առաջարկում եմ ծանոթանալ ադրբեջանական (մերձ)իշխանական պատումի որոշ դրվագների։
Գրառման հեղինակ Նազիմ Բայրամովը 1992 թ․ ամռանը Շահումյանի ու Մարդակերտի շրջանների ռազմակալման գործողության ժամանակ եղել է ադրբեջանական N գնդի շտաբի պետը։ Ներկայումս «հաստիքային ռազմական փորձագետ» է։
Առանձնացնեմ գրառման հիմնական ասելիքները․
- Հեղինակը մատնում է, որ ադրբեջանական հասարակության ներսում առկա է «երկու բլուրի խաթեր տարան, հերոս տղեքին կոտորեցին» խոսույթ՝ փորձելով դրան հակադարձել այն կարևորությամբ, որ ունեին այդ բլուրներն Ադրբեջանի համար։
- Խոստովանում է, որ հայկական կողմը երկու ուղղությամբ կորուսյալ դիրքերի վերագրավման ծավալուն փորձ է կատարել՝ գրելով․ «Ապրիլի 2-ի առավոտյան 11:00-ից մինչև ապրիլի 5-ի 12:00-ն (փաստացի՝ մինչև 17:00-ն) թշնամին կորուսյալ դիրքերը վերադարձնելու նպատակով երկու ուղղությամբ էլ այդ դիրքերն անընդհատ հրետանային և ականանետային կրակի տակ էր պահում, հարձակումներ գործում…»։
- Մեկնաբանության մեջ գրում է, թե սեյսուլանյան ուղղությամբ (խոսքը մարտակերտյան հայտնի դիրքի մասին է, որի պաշտպանության ժամանակ զոհվել են Ա․ Ուրֆանյանը, Ք․ Սլոյանը, Ա․ Զոհրաբյանը և Ռ․ Աբաջյանը – Է․Է․) հարվածը շեղող նշանակություն ուներ թալիշյան ուղղությամբ առաջացողների համար, որը հաջողվել է, սակայն նահանջ մանևրը սխալ կատարելու արդյունքում 19 զոհ են ունեցել։
- Մեկնաբանության մեջ «Մեզ համար ամենացավալին զոհվածների շրջանում հատուկջոկատայինների թվի մեծ լինելն է, քանզի նրանց աճեցնելու համար տարիներ են պետք» ասող ընթերցողին պատասխանում է․ «Աստված, իհարկե, բոլոր զոհվածներին ողորմի, բայց հատուկջոկատայիններին բա էլ ինչի՞ համար են պատրաստում։ Համ էլ 28 զոհված հատուկջոկատայինը 93 զոհվածի մեծամասնությունը չի կազմում, ու այս հարցում մեզանում կաղապարային արտահայտություններն ու կարծրատիպերն են սոսկ խոսում» (տե՛ս կարմիրով ընդգծված հատվածը)։
Երկու կարևոր հետևություն իմ կողմից․
✔️ Երբ պատերազմում թշնամիդ առաջնորդվում է «ամեն զոհողություն՝ հանուն հաղթանակի» ստրատեգիայով, հաղթելու համար դու չունես այլընտրանք, քան որդեգրել նույնական մարտավարություն, ինչը չի նշանակում անփույթ լինել պատերազմական ռեսուրսների, այդ թվում՝ մարդկային կորուստների հանդեպ․ խոսքը գիտակցված ու անհրաժեշտ զոհողության պատրաստ լինելու մասին է՝ հանուն սահմանված հաղթանակային նպատակի։
✔️ Անորոշ ելքով, առավել ևս՝ վերջնականապես չավարտված պատերազմների պարագայում ամեն կողմ փորձում է «հաղթանակի վերմակն» իր վրա քաշել։ Այնուամենայնիվ, կան քիչ թե շատ անաչառ չափորոշիչներ, որով կարող ենք սահմանել հաղթանակն ու պարտությունը։ Ես շարունակում եմ ամուր մնալ այն կարծիքին, որ 2016 թ․ ապրիլմայիսյան պատերազմում Ադրբեջանը պարտվել է, քանզի շուրջ 20 տարի պատրաստվելով այդ օրվան՝ չի կարողացել լուծել իր առջև դրված քաղաքական նպատակը, այն է՝ պատերազմական գործողության միջոցով ճեղքում մտցնել բանակցային գործընթացում և փոխել առկա ստատուս-քվոն։