Ցանկացած գործի մեջ նախախնամության մատը խառն է: Մեր հեղափոխությունն էլ առանց նախախնամության բարեհաճության, կարծում եմ, չէր հաջողի:
Նախանամությունն իր ընտրած հերոսին ուղեկցում և ուղղորդում է այնքան ժամանակ, քանի դեռ ամեն բան ընթանում է իր կողմից նախանշված ձևով, սակայն երբ ԻՐ՝ նախախնամության պատկերացմամբ տեղի է ունենում շեղում, ՆԱ կարող է նաև չար կատակներ խաղալ՝ հերոսին դարձնելով ծաղրի առարկա, առաջնորդին՝ տանել ու կանգնեցնել կառափնարանի դռանը:
Քանի դեռ Նիկոլը մենակ էր գործում և հեղափոխության ողջ բեռը նրա ուսերին էր, ամեն բան ընթանում էր այնպես, ինչպես միայն հեքիաթներում է լինում: Նախախնամությունը, կարծես, Նիկոլի ձեռքից բռնած, ամենակարճ ճանապարհով տանում էր դեպի նպատակակետը: Եթե Սերժ Սարգսյանը պիտի որոշեր «խիարը» մինչև վերջ կրծել, ապա հենց դա էր անում, եթե քայլերթերին ամենաճիշտն այս և այս ճանապարհների փակվելը պիտի լիներ, ապա ծանրաքարշ մեքենաները գտնվում և հենց այդ ճանապարհներն էին փակում: Եթե…
Հեղափոխության մեկ-երկու ամիսների ընթացքում նախախնամությունը, կարծես, մի աներևույթ, սակրալ կապ էր հաստատել ժողովրդի և նրա առաջնորդի միջև: Ժողովուրդն ու իր առաջնորդը գործում էին ներդաշնակ և միասնական:
Հետհեղափոխական այս կարճ ժամանակահատվածում, կարծես, «փակվել է» ժողովրդի և իր առաջնորդի միջև առկա սակրալ կապի օղակը, որի հետևանքով առաջացած ոչ գլոբալ, պարզունակ, հեղափոխական իրադրությամբ թելադրվող խնդիրների ճշմարիտ լուծումները չեն գտնվում: Առաջին «ծիծեռնակը» պարգևատրումներն ու Փաշինյանի կողմից դրանց բաժանման իրավացիության պրիմիտիվ մեկնաբանություններն էին: Հետհեղափոխական տրամաբանությունը պահանջում էր հավաքել այդ մի քանի միլիոն դոլարն ու ուղղել այդ միջոցները «ջրամբարների շինարարությանը»: Չարվեց:
Հետհեղափոխական այս կարճ ժամանակահատվածում առաջացած գրեթե բոլոր, ժողովրդի աչքի առաջ տեղի ունեցող հարցերի պատասխանները կա՛մ չեն գտնվում, կա՛մ ամեն բան արվում է հակառակ տրամաբանությամբ:
Ահա, ասածիս վառ օրինակն է Կոնստանտին Օրբելյանին Օպերային թատրոնի ղեկավարի պաշտոնից ազատման հրամանին արագ չարձագանքելը: Այսօր արդեն մշակութային բոլոր գործիչներն են բաց նամակով դիմում վարչապետին այդ հրամանը չեղարկելու պահանջով, և նա արդեն ստիպված է լինելու չեղած տեղը ծլած պրոբլեմներ հարթել, արդարանալ և այլն, և այլն: Փաշինյանը կորցրել է, եթե ունեցել է իհարկե, իրադարձությունները, եթե ոչ առաջանցիկ, ապա գոնե հնթացս գնահատելու կարողությունը և գնում է իրադարձությունների հետևից:
Սա սարսափելի վատ նշան է…