Աբու-Կիր ծոցում, որը գտնվում է Նեղոսի ակունքից ոչ հեռու, առաջին անգամ հայտնաբերվել է հին եգիպտացիների առևտրային նավ, որի գոյության մասին հարյուրավոր տարիներ շարունակ պատմաբանները միայն ենթադրություններ էին անում:
Նման նավի մասին, որին տեղի բնակիչներն անվանում էին «բարիս», առաջին հիշատակումը հանդիպում է դեռևս Հերոդոտոսի «Պատմության» մեջ: Հերոդոտոսը Եգիպտոս է այցելել մ.թ.ա. 5-րդ դարում:
Հույն պատմաբանը մանրամասնորեն նկարագրել է յուրահատուկ նավի կառուցվածքը, սակայն նրա խոսքերի առարկայական ապացույց այսքան ժամանակ չի եղել:
Հերոդոտոսի խոսքերի ճշմարտացիությունը կարողացել է ապացուցել ռուս եգիպտագետ Ալեքսանդր Բելովը: Նա պարզել է, որ հնագետների կողմից հայտնաբերված նավը, որի տարիքը գնահատվում է մոտավորապես 2500 տարեկան, հենց առասպելական բարիսն է:
Ռուսի մենագրությունը՝ «Նավ-17. Տոնիս-Հերակլիոնի բարիսը» հրատարակվել է Օքսֆորդի տպագրության կողմից:
Տոնիս քաղաքը, որը հույներին հայտնի է որպես Հերակլիոն, հիմնվել է շուրջ 2700 տարի առաջ և մի քանի հարյուրամյակ շարունակել է մնալ խոշորագույն նավահանգիստն ու առևտրական կենտրոնը Հին Եգիպտոսում: Սակայն ծովի մակարդակը ժամանակի ընթացքում աստիճանաբար բարձրացել է, և VIII դարի վերջին քաղաքն ամբողջապես անցել է ջրի տակ:
Այսօր Տոնիսը գտնվում է Աբու-Քիրի ծոցի ափից մոտ 2,5 կմ հեռավորության վրա և պատված է ջրի 10 մ բարձրությամբ: Քաղաքի ավիրակները հայտնաբերել են միայն XX դարի վերջին, և մնացորդների մեծ մասը մինչ օրս ուսումնասիրված չէ:
Հայտնի է, որ Հերակլիոնի ծաղկման ժամանակահատվածում՝ մ.թ.ա. մոտ 450 թ., այնտեղ է այցելել հույն հայտնի պատմաբան Հերոդոտոսը, ով էլ իր աշխատությունում նկարագրել է քաղաքը:
Գրքում, մասնավորապես, նկարագրվում է նաև «բարիս» անունով առևտրային նավը, որն ուներ պապիրուսից առագաստներ: Նավն արտասովոր կառուցվածք ուներ. այն կարծես կազմված լիներ իրար մեխված փայտե աղյուսներից: Պատմաբանը գրում է նաև, որ նավը յուրահատուկ ձևով են վարել, որ այն կարող էր գետով վեր բարձրանալ միայն ուժեղ քամու ժամանակ:
«Նման նավեր եգիպտացիները շատ ունեն, և դրանցից որոշները կարող են մի հազարավոր տաղանդներ բեռ տեղափոխել»,- գրում է Հերոդոտոսը:
Նավը կառուցվել է մոտավորապես մ.թ.ա. 664-332 թվականների միջև ընկած ժամանակահատվածում, և չնայած իր մեծ տարիքին՝ պահպանվել է դրա գրեթե 70%-ը: Տարածքում հայտնաբերվել են ավելի քան 60 նավերի մնացորդներ, սակայն գիտնականների ուշադրությանն արժանացել է հենց այս բարիսը, որը պատմական մեծ նշանակություն ունի: