Մարտի 29-ը նոր իշխանությունների համար ամենակարևոր օրերից մեկն է լինելու պատմության մեջ: Փաստացի, Հայաստանի նոր իշխանություններն առաջին անգամ պետք է երկրի ղեկավարի մասշտաբով պաշտոնական հանդիպում ունենան թշնամի պետության ղեկավարի հետ, ու պետք է քննարկվի հայ ժողովրդի վերջին տարիների հիմնական խնդիրը: Սա, իհարկե, առավել կարևոր է ցանկացած մեկ այլ գործողությունից, որն իրականացվել է Հայաստանում, քանի որ սա հայ ժողովրդին պատերազմից հեռու պահելու քայլերից մեկն է:
Փաշինյանը պետք է գիտակցի, որ ինքը տվյալ պահին գործ ունի ոչ թե կիրթ, այլ անկանխատեսելի, մարդկանց կյանքերի վրա թքած ունեցող հակառակորդի հետ, ով ցանկացած պահին կարող է խախտել իր պայմանավորվածությունը, ով թքած ունի պետական կառույցների և դրանց կողմից կատարված հայտարարությունների վրա:
Բայց, անկախ ամեն ինչից, անկախ այդ մարդու տեսակից, անկախ մեր երկրի ներսում կատարվող ինչ-որ մանկամիտ քաղաքական քայլերից, Փաշինյանը պետք է նաև գիտակցի, որ ինքը մի ամբողջ ժողովրդի ներկայացուցիչ է: Որ ինքը խոսում է ոչ թե սպիտակների կամ սևերի, ոչ թե հրապարակում հավաքածների կամ խաշ ուտողների, այլ հայ ժողովրդի անունից: Ի վերջո, եթե վաղը պատերազմ սկսի, Աստված հեռու պահի, կռվի գնացող զորքին չենք սկսելու սորտերի բաժանել: Գնալու են բոլորը, առանց ձեր տարբերանշումների:
Միջազգային ցանկացած հանդիպման ժամանակ, հատկապես երբ հանդիպումն Իլհամ Ալևի հետ է, Հայաստանն ամբողջությամբ պետք է աջակցի երկրի ղեկավարին՝ անկախ նրանից, թե այդ պահին ով է ղեկավարում երկիրն ու անձնական և քաղաքական ինչ հակադրություններ կան միմյանց միջև:
Թուրքի գյուլլեն քաղաքականություն չի հարցնում: