Ատելություն կա, ստահակություն կա, լակոտություն կա, լկտիություն՝ էն էլ ինչքան կա, անդաստիարակություն կա, արհամարհանք կա, քմծիծաղ կա, ծաղրանք կա ու կա, քծնանք կա, հայհոյանք կա, գոռոզություն կա, ինքնահավանություն կա, հարստություն կա, աղքատություն կա, եսապաշտություն կա, վախկոտություն կա, քաջություն էլ կա, թուլամորթություն կա, հպարտություն կա, ինքնասիրություն կա, սկզբունքայնություն կա, ինչպես և անսկզբունքայնություն կա, կրթվածություն կա, մակարդակ կա, կարդացածություն կա, զարգացածություն ու քաղաքակրթություն կա, հումոր կա, ամեն ինչ կա մեր հասարակության մեջ։
Մենակ սեր չկա, դրա համար հարգանք էլ չկա դիմացինի հանդեպ, ու դրա համար նույնիսկ լավ ու դրական գծերի առկայության դեպքում համերաշխություն չկա։
Բանակ գնացող զինվորին սովորացնող չկա, որ բոլորն իր եղբայրներն են, մանավանդ որ դեմները թշնամի կա, ամեն ինչ սովորացնող կա, բացի նրանից, որ իրար հետ մի շարքում կանգնած են իր եղբայրները։ Սպաներին սովորացնող չկա, որ զինվորներն իրենց եղբայրներն են կամ որդիները, իրենցն են, թուրքինը չեն։
Ավտոբուս քշող վարորդին սովորացնող չկա, որ ուղևորները իրենն են, թշնամի չեն, ուղևորներին էլ սովորացնող չկա, որ վարորդն իրենցն է, ավտոբուսում նստած տղամարդկանց սովորացնող չկա, որ կանայք ու աղջիկներն իրենցն են, պարսիկինն ու թուրքինը չեն։
Պաշտոնյային սովորացնող չկա, որ երկիրն ու ժողովուրդն իրենն են, թշնամի չեն, ոչ էլ՝ ստրուկ։ Պաշտոնյայի աշխատողին էլ սովորացնող չկա։ Ժողովրդին էլ չկա։
Հաց թխողին էլ սովորացնող չկա, որ իր թխած հացը թուրքը չի ուտելու, այլ իր տնից մեկը, որ էդ մարդկանց սիրելով սարքի, ոչ թե մեջը ինչ զիբիլ ու թույն ասես լցնի։
Մեքենա քշող վարորդին սովորացնող չկա, որ փողոցն անցնողը թուրք չի, թշնամի չի, թուրքի ծնող չի ու թուրքի երեխա չի, որ չքշի վրան, տակը չգցի, չտա սպանի․․․ Ոչ էլ սովորացնող կա, որ փողոցներում մյուս մեքենաների մեջ թուրքեր չեն նստած, այլ մարդիկ, որ նույն տնից են, ինչ ինքը․․․․
Մարդիկ ապրում են ու չգիտեն, որ թշնամիների մեջ չեն ապրում, այլ յուրայինների․․․
Նյութի աղբյուր՝ http://noni-no.livejournal.com/531391.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել