Ես չէի անդրադառնա Մեղրիի զորամասում տեղի ունեցած միջադեպին, եթե աչքովս չանցնեին ադրբեջանական մամուլում տեղ գտած նյութեր այդ դրա մասին: Մասնավորապես, Միլլի Մեջլիսի (խորհրդարան) պատգամավոր Էլման Նասիրովը հայտարարել է, որ հայկական բանակը խոր ճգնաժամ է ապրում. «Մասնավորապես, Հայաստանում մեծ ռեզոնանս է առաջացրել սպաների դեմ հայ զինվորների խռովությունը: Այն փաստը, որ զինվորները, որպես բողոքի նշան, կամավոր կերպով լքել են զորամասը, դարձել է տեղական ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում ամենաշատ քննարկվող թեման, և բանը հասել է նրան, որ, ինչպես Սարգսյանի վարչակարգի օրոք, Հայաստանում սկսել են բողոքել զինվորների մայրերը»: Ուրեմն՝ նույն այս Նասիրովի խոսքով՝ հատկապես ուշագրավ է այն, որ հայ զինվորներին որպես պատիժ օկուպացված Լեռնային Ղարաբաղ՝ մերձճակատային գոտի ուղարկելու փաստի մասին գրում է հենց հայկական մամուլը:

Այսինքն՝ կարող ենք եզրակացնել, որ դեպքը մեծ հետաքրքրություն է ներկայացնում նաև ադրբեջանական հասարակական-քաղաքական շրջանակների համար, ինչպես նաև ներքին լսարանի առաջ որոշակի դիվիդենտներ շահելու լավ պատրվակ է ծառայում: Ես չեմ ուզում անդրադառնալ զինվորների քայլին, քանի որ ակնհայտ է, որ արարքը զինվորական հանցագործություն է, և գուցե այն այսքան նշանակալի չլիներ, եթե այսպիսի հնչեղություն չստանար: Սակայն պարզ է, որ կատարվել է սադրանք Հայոց բանակի նկատմամբ, սա նաև փորձ է՝ նսեմացնելու և խեղաթյուրելու հայ սպայի կերպարը, փորձ է քաղաքացիական միջամտությամբ ոչնչացնելու բանակային կարգապահությունն ու սպայական, հրամանատարական անքննարկելի իշխանությունը, ինչը խիստ վտանգավոր է ցանկացած բանակի գոյության և մարտունակության համար: Կատարվածը մեր պետականության և մեր ազգային անվտանգության դեմ ուղղված քայլ է և պետք է դառնա պատշաճ, օբյետիվ քննության առարկա, մեղավորները պետք է պատժվեն խստագույնս: Անպատժելիությունը ծնում է նոր հանցագործություններ: Իհարկե, մեր բանակն էլ կատարյալ չէ, սակայն բանակն ինքնուրույն պետք է ինքնամաքրվի, առանց որևէ արտաքին միջամտության, հակառակ դեպքում մենք շատ արագ կհասնենք քսանական թվականներին, երբ տարածաշրջանի ամենամարտունակ բանակը կորցրեց անառիկ Կարսի բերդը:

ՀԳ. Խնդրում եմ էմոցիաների ազդեցության տակ չանել բաներ, որոնք կվտանգեն մեր բոլորի անվտանգությունը, առանց գիտակցելու չանել քայլեր, որոնք ակամայից կդառնան դավաճանություն բանակի և հայրենիքի նկատմամբ:
Մեր բանակը չի ապրում և չի ապրելու խոր ճգնաժամ, ինչպես մեր թշնամիներն են երազում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել