Ադրբեջանն ակտիվացնում է Պակիստանի հետ հարաբերությունները խորացնելուն միտված քայլերը, և Պակիստանը Բաքվի համար դիտարկվում է առանցքային երկիր սպառազինությունների ձեռք բերման տեսանկյունից: Պակիստանի նախագահ Արիս Ալվին, ով ընդունել է այս օրերին այցով Պակիստանում գտնվող Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովին, նշել է. «Ադրբեջանական հողերի օկուպացիայի պատճառով Պակիստանը չի ճանաչում Հայաստանը որպես պետություն»: Նա ընդգծել է Արցախի հարցը Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում լուծելու կարևորությունը:
Նշենք, որ Պակիստանը միակ երկիրն է աշխարհում, որը չի ճանաչում Հայաստանի Հանրապետությունը, որպես պետություն, այն դեպքում, երբ Հայաստանը ճանաչում է Պակիստանին, իսկ սրան զուգահեռ Պակիստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և միակողմանի աջակցություն հայտնում Բաքվին: Պակիստանի կողմից վարվող այսպիսի քաղաքականությանն ի պատասխան՝ Հայաստանը դիվանագիտական կապերի մեջ է Հնդկաստանի հետ և Քաշմիրի վիճելի երկրամասը համարում է Հնդկաստանի անբաժան մաս։ Հնդկաստանի տնտեսությունն ներկայումս աշխարհի ամենարագ զարգացող տնտեսություններից է, աճում է նաև այդ երկրի ռազմական պոտենցիալը: Եվ Հնդկաստանը, ի հակադրություն Պակիստան-Ադրբեջան գործակցության, Հայաստանի համար հեռանկարային գործընկեր կարող է լինել թե տնտեսական կապերը խորացնելու, թե սպառազինությունների ձեռքբերման տեսանկյունից:
Բացի այդ հարկ է նշել, որ Պակիստանը 1971 թ. զանգվածային կոտորածներ և ցեղասպանություն է իրագործել Բանգլադեշում, որի արդյունքում սպանվել է մոտ 3 մլն մարդ, իսկ 10 միլիոն մարդ ստիպված է եղել գաղթել Հնդկաստան: Այս իրադարձությունների արդյունքում հարթ չեն նաև Պակիստանի և Բանգլադեշի հարաբերություները, և մեծ հնարավորություններ կան Բանգլադեշի հետ Հայաստանի հարաբերությունները խորացնելու համար: