Գոլանի բարձունքների նկատմամբ Իսրայելի սուվերենության իրավունքի ճանաչումը չի կարող լինել նախադեպ այլ հակամարտությունների, այդ թվում՝ արցախյան հակամարտության համար, քանի որ դրանք ունեն տարբեր իրավաքաղաքական հիմքեր, տարածաշրջանային անվտանգային այլ տրամաբանություն ու առանձնահատկություններ։ Ժամանակին խոսվում էր այլ հակամարտությունների ուղղությամբ սկզբում՝ Կոսովոյի, հետո՝ Աբխազիայի նախադեպերի պրոյեկտման հնարավորության մասին, սակայն ակնհայտ էր, որ դրանք որևէ կիրառություն չէին կարող ստանալ։ Գոլանի բարձունքների նկատմամբ Իսրայելի սուվերենության իրավունքի ճանաչումն ինքնին՝ որպես երևույթ, իր բացառիկությամբ նախադեպային է, սակայն այն չի կարող լինել նախադեպ այլ հակամարտությունների համար։ Պատճառները տարբեր են՝ սկսած աշխարհաքաղաքական ու անվտանգային հարցերից, վերջացրած ազգային, հակամարտության առանձնահատկություններով։
Այլ հարց է՝ հայկական կողմը կարող է այստեղ ստանալ քաղաքական դիվիդենտներ, թե ոչ։ Կարծում եմ, որ այո։ Նախ՝ այն առումով, որ ԱՄՆ պետդեպարտամենտի մարդու իրավունքների վերջին զեկույցում Իսրայելի կողմից «գրավյալ» Գոլանի բարձունքները ձևակերպումը փոխարինվեց «Իսրայելի կողմից վերահսկվող Գոլանի բարձունքները» տարբերակով։ Այստեղ էականն այն է, որ մեսիջը հնչում է մարդու իրավունքների զեկույցում։ Այստեղ, իհարկե, ունենք քաղաքական-դիվանագիտական հնարավորություններ՝ բարձրաձայնելու, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման պահանջը բխում է նախևառաջ մարդու հիմնական իրավունքների ու ազատության սկզբունքից։