Armtimes.com-ը գրում է.

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Իրան կատարած այցի ժամանակ Հայաստանի տարածքով իրանական գազի տարանցման եւս մեկ անգամ վեր հանված գաղափարը, որին պաշտոնապես աջակցություն հայտնեց նաեւ Հասան Ռոհանին, մեծ ուշադրության չարժանացավ։ Ավելի ճիշտ՝ միայն տեխնիկապես բացատրվեց այս պահին դրա իրականացման անհնարինությունը՝ անտեսելով աշխարհաքաղաքական նրբությունները։ Ուստի, այն դասվեց երազանք հիշեցնող հերթական հայտարարությունների շարքը։

«Հայաստանը պատրաստ է Իրանի հետ տարանցման համագործակցություն ծավալել և լինել իրանական գազի տարանցիկ երկիր: Էներգետիկ միջանցքի ստեղծումը նույնպես կարևոր նշանակություն ունի թե՛ երկկողմ, թե՛ տարածաշրջանային առումով, թե՛ ավելի ընդարձակ առումով: Այս հարցերի լուծման համար քաղաքական կամքը առկա է, պետք է հույս հայտնել, որ բանակցություններում գործնականացման պրոցեսը կիրականացվի հաջողությամբ», - Թեհրանում հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Իրանի նախագահը մի փոքր ավելի բացեց փակագծերը՝ նշելով, որ բանակցությունների ընթացքում Իրանի և Հայաստանի միջև էլեկտրաէներգիայի ոլորտում համագործակցության տեսանկյունից նաև դիտարկեցինք համագործակցությունը եռակողմ` Վրաստանի և քառակողմ` Ռուսաստանի հետ, ձևաչափերով: «Գազի ոլորտում համագործակցության ուղղությամբ հայտնեցինք իրանական կողմի պատրաստակամությունը` մատակարարումների ծավալները ավելացնելու ուղդությամբ: Պատրաստ ենք նաև եռակողմ համագործակցություն ծավալելու` գազը արտահանելու դեպի Վրաստան», - ասաց Ռոհանին:

Ո՞ր խողովակաշարով

Այն, ինչ ասվեց Թեհրանում փետրվարի 27-ին տեղի ունեցած նախագահ Ռոհանի-վարչապետ Փաշինյան հանդիպումից հետո Հայաստանի տարածքով գազի տարանցման պատրաստակամության մասին, ինչ-որ առումով աննախադեպ էր՝ հաշվի առնելով դրա իրականացման համար տեխնիկական սահմանափակումները։ Իսկ եթե ավելի պարզ ասենք, ապա տարանցիկ երկիր դառնալու համար համապատասխան հզորության խողովակաշարի բացակայությունը։ Հայաստանից դեպի այլ պետություն դուրս եկող խողովակաշար չկա։ Գործում է երկու խողովակաշար, մեկը՝ Իրանից գազ էլեկտրաէնեգիայի դիմաց բարտերային առեւտրի տարբերակով, մյուսով էլ Վրաստանի տարածքով ռուսական գազն է առաքվում Հայաստան։

Գումարած, Հայաստանի ողջ գազատրանսպորտային համակարգը, այդ թվում Իրանից եկող գազատարը «Գազպրոմի» վերահսկողության տակ է։ Ուստի, գազի տարանցիկ երկիր դառանալու Հայաստանի հեռանկարի վերաբերյալ որոշ փորձագետների ու քաղաքական գործիչների զարմանքը առաջին հայացքից հասկանալի է։ Բայց նրանք հաշվի են առնում միայն առկա ենթակառուցվածքների տեխնիկական հնարավորությունները՝ աչքերը պինդ փակելով տարածաշրջանային աշխարհաքաղաքականության դինամիկայի վրա։ Սա կարող է այն դեպքերից լինել, որ աշխարհաքաղաքական գիտակցությունը որոշի տարածաշրջանային կեցությունը։

Երեւանում մարտի 19-ին տեղի ունեցած մեծ ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինայնը թեպետ նշեց, որ առայժմ քննարկումները նոր խողովակաշարի կառուցման մասին չեն, բայց դրա հետ մեկտեղ կարեւոր տեղեկատվություն հայտնեց։ Այն է, Փաշինյանն իրանական գազի տարանցման խնդիրը մինչեւ Թեհրան մեկնելը քննարկել է «Հյուսիս-հարավ» առանցքի բոլոր կողմերի՝ Վրաստանի, Ռուսաստանի ու անգամ Թուրքմենստանի ղեկավարության հետ։ «Բոլոր կողմերը հետաքրքրված են այս օրակարգով», - ասաց վարչապետը, որի խոսքը վերը նշված աշխարհաքաղաքական նոր իրողությունների կարեւոր արձանագրումն էր։

Այսինքն՝ Հարավային Կովկասում շահերն այնպես են դասավորվում, որ այժմ առավել քան երբեւէ, տեսանելի է դառնում Հյուսիս-հարավ՝ Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան էներգետիկ միջացքի ձեւավորման հեռանկարը։

Մոսկվան հաստատ դեմ չի լինի

«Մոսկվան հաստատ դեմ չի լինի, որ իրանական գազը Հայաստանի տարածքով հասնի Վրաստան», վստահ է Մոսկվայի Ազգային էներգետիկ անվտանգության հիմնադրամի առաջատար վերլուծաբան, էներգետիկ քաղաքականության փորձագետ Իգոր Յուշկովը։ Գաղափարի իրագործման համար նա քաղաքական խոչընդոտներ չի տեսնում ու իր կարծիքը հիմնավորում է այսպես․ «Ռուսաստանի համար կարեւոր է Հյուսիս-հարավ էներգետիկ միջանցի ձեւավորումը։ Այժմ քննարկվում է Ռուսաստան-Վրաստան-Հայաստան-Իրան էլեկտրաէներգետիկ միջանցքը, սակայն այն ավելի ամբողջական է դառնում, եթե ավելանում է գազը։ Բացի այդ, Ռուսաստանը Վրաստանում չունի լուրջ գազային շահեր, ուստի, կարծում եմ, ՌԴ-ն քաղաքական առումով դեմ չի լինի, որ այդ գաղափարը կյանքի կոչվի։ Այլ հարց է՝ արդյոք առկա տեխնիկական հնարավորությունները թույլ կտան ՀՀ տարածքով գազ արտահանել Վրաստան»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել