Tert.am-ը գրում է.

Արցախի Հանրապետության արտգործնախարար Մասիս Մայիլյանը Regnum գործակալության գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովին տված հարցազրույցում խոսել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի մասին:

Նա նշել է, որ Հայաստանում նոր կառավարության ձևավորումից հետո Երևանի և Բաքվի միջև հանդիպումների որոշակի ինտենսիվացումը պայմանավորված է այն հանգամանքով, որ կողմերը ցանկանում են ծանոթանալ մեկը մյուսի՝ հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ մոտեցումներին:

Խոսելով բանակցային գործընթացում արցախյան կողմի ներգրավման հավանականության մասին՝ արտգործնախարարն ասել է. «Նախևառաջ պետք է նշել, որ բանակցային եռակողմ ձևաչափի վերականգնման հարցում Երևանն ու Ստեփանակերտը նույն մոտեցումներն ունեն: Միևնույն ժամանակ, խոսելով Արցախի Հանրապետության՝ բանակցային սեղանի շուրջ վերադարձի մասին, մենք ելնում ենք ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործընթացում զգալի առաջընթացի հասնելու անհրաժեշտությունից: Եռակողմ բանակցությունների վերականգնման համար կան բոլոր անհրաժեշտ նախապայմանները»:

Մայիլյանի կարծիքով՝ բանակցային եռակողմ ձևաչափի բանաձևը բավական պարզ է. կողմերից յուրաքանչյուրն ուղղակիորեն ներկայացնում է իր շահերն ու քննարկում իր իրավասությունների տիրույթում գտնվող հարցերը:

«Այս ձևաչափի վրա էլ կարող է հիմնվել բանակցություններին Արցախի Հանրապետության մասնակցության գործընթացը: Ինչպես բազմիցս հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Երևանը մտադիր չէ Ստեփանակերտի մասնակցությունը որպես նախապայման դնել, սակայն միևնույն ժամանակ բանակցությունները վարելու է միայն իր անունից: Սա նշանակում է, որ բացառապես Արցախի Հանրապետության իրավասությունների և լիազորությունների շրջանակում գտնվող հարցերը չեն կարող քննարկվել Երևան-Բաքու երկկողմ ձևաչափով: Նման մոտեցումն օբյետիվ է ու, մեր կարծիքով, կարող է դառնալ Արցախի՝ բանակցային սեղանի շուրջ վերադառնալու մեխանիզմներից մեկը»,-նշել է պաշտոնյան:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել