2019 թ.-ի մարտի 7-ին ՀՀ կառավարությունը հաստատել է Հարկային օրենսգրքում և հարկային հարաբերությունները կարգավորող մի շարք օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծերի փաթեթը, որի առանձին օրինագծերը հարվածում են ՓՄՁ գործունեությանը և երկրում ազատ մասնավոր նախաձեռնության խրախուսման քաղաքականությանը:
Մասնավորապես, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխություններով նախատեսվում է էապես բարձրացնել տնտեսության ֆինանսավարկային ոլորտում գործունեություն իրականացնելու համար լիցենզիաների մասով սահմանված պետական տուրքի դրույքաչափերը, ինչն էլ բազմաթիվ դժգոհությունների և բողոքի ցույցերի տեղիք է տվել:
Կառավարության այսպիսի տնտեսական քաղաքականությունը տարակուսանքի տեղիք է տալիս, քանի որ ամենաբարձր մակարդակով հայտարարվում է, թե կառավարությունը բարենպաստ պայմաններ է ստեղծելու տնտեսվարողների զարգացման և ազատ մրցակցության համար, սակայն մյուս կողմից նոր հարկային բեռ է ավելացվում տնտեսվարողների համար և խրախուսվում է մասնավոր ոլորտում աշխատատեղերի կրճատումը։