Երեկ՝ հունիսի 14-ին, մի խումբ (իսկապես «մի խումբ», մոտ հիսուն մարդ) տարեց մարդիկ հավաքվել էին Մոնումենտի մոտ գտնվող «բռնադատվածների հուշահամալիրում... հավանաբար հիշատակի տուրք մատուցելու ստալինյան քաղաքական բռնաճնշումների շրջանակներում 1949 թ. հունիսի 14-ին Հայաստանից աքսորված 12 հազար մարդու հիշատակին: Նրանք բոլորն էլ հիմնականում «բռնադատվածի» կարգավիճակ ունեցող մարդիկ էին: Նրանք չէին խոսում «քաղաքական բռնաճնշում» երևույթի և դրա հետևանքների մասին: Նրանց հուզող գլխավոր խնդիրը Հայաստանում դեռևս կենդանի մնացած մոտ երկու հազար «բռնադատվածների» նկատմամբ ՀՀ իշխանությունների անտաբերությունն էր: «Ստալինյան ռեպրեսիաների» կարևոր, Հայաստանում քիչ քննարկվող թեման առայժմ շրջանցելով, կուզենայի անդրադառնալ Խորհրդային շրջանում մոտ երեսուն տարի տևած բռնաճնշումների շրջանում Հայաստանից հարկադրված հեռացված և վերջին երկու տասնամյակի ընթացքում անկախ Հայաստանից «կամավոր» հեռացած մարդկանց թվաքանակի և նրանց հնարավորությունների խնդիրներին: Վերջին քսանամյակում Հայաստանի քաղաքացիների հեռացումը Հայաստանից միայն մեծ ցանկության դեպքում կարելի է համարել կամավոր: Կամավոր հեռացումը կամավոր է այն դեպքում, երբ մարդիկ ուզում են հեռանալ: Մինչդեռ Հայաստանից մարդիկ հարկադրված են հեռանալ: Հարկադրված են ոչ թե «իրավական քաղաքական կամքով», ինչպես խորհրդային շրջանի առաջին երեսնամյակին էր, երբ իրավական ինստիտուտներն էին որոշումներ ընդունում և բռնի ուժով տեղափոխում մարդկանց, այլ «գործնական քաղաքական կամքով», երբ երկրի քաղաքական իշխանությունը ստեղծել է մարդու ֆիզիկական և բարոյական կյանքի շարունակության համար անհամատեղելի պայմաններ: Առաջին դեպքում, ի թիվս այլոց, եթե աքսորվածները ԳՈՒԼԱԳ-ում չէին, նրանց սոցիալ-տնտեսական կյանքը քիչ էր տարբերվում նախաաքսորի կայնքից,- նրանք «ձայնազուրկ էին», այսինքն` իրավունք չունեին ընտրություններին մասնակցել, և տեղաշարժվելու իրավունքը խիստ սահմանափակ էր: Նույն բանը, սակայն, մեծ հաշվով տարածելի է չաքսորվածների վրա: «Ձայնի իրավունք» ունեցողների ընտրական իրավունքն արտահայտվում էր գլխավորապես ընտրացուցակում առկա մեն-միակ թեկնածուի անվան դիմաց նշում անելով, իսկ տեղաշարժվելու հնարավորություններն այնքան սուղ էին, որ համարյա հավասարվում էին տեղաշարժվելու սահմանափակման իրավունքին: Անկախ Հայաստանի վերջին քսանամյակում Հայաստանից «ինքնաքսորվել» է առնվազն քսան անգամ ավելի մարդ, նրանք Հայաստանում փաստացի «ձայնազուրկ» էին, քանի որ ինչ ընտրություն էլ կատարվեր թղթի վրա` ընտրության արդյունքը որոշողը միշտ ԿԸՀ-ն է, նրանց «ինքնաքսորման» պատճառը ոչ թե ապրելու վայրի ընտրություն է, այլ` արժանապատիվ կյանքի համար երկրում ստեղծված պայմանների անհամապատասխանելիության հետևանքով առաջացած հարկադրանք... Մեծ հաշվով Հայաստանում շարունակվում է քաղաքական բռնաճնշումը` այլ ձևերով... Հիրավի, մնում է միայն երգել` «Այս ուրախ կյանքը մեղ ընկեր ՀՀԿ-ն է տվել»: Այսինքն կարծեմ «Սյունյաց արծիվներն» արդեն երգում են:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hranush.kharatyan/posts/207654182720199?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել