Քիչ առաջ Հայլուրը մի սյուժե էր ներկայացնում. ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ու մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը շրջում էին Հին Երևանը ներկայացնող “Կառուցենք առանց քանդելու” լուսանկարչական աշխատանքների ցուցահանդեսում։ Երկուսն էլ այնպիսի հիացական ու միաժամանակ զարմացական հայացքով էին նայում գետնի երեսից վերացած ու այլևս միայն լուսանկարներում ապրող Հին Երևանի ճարտարապետական հուշարձաններին, որ անծանոթին կթվար, թե Հայաստան այցելած օտերերկրացիներ են այցելուներն ու նրանց ներկայացնում են մեր մայրաքաղաքի պատմության այլևս հուշ դարձած մի պատկեր։ Այնինչ դրանց մի զգալի մասը հենց նրանց օրոք է քանդվել ու դեռ շարունակում է քանդվել։ Իհարկե, Հին Երևանն այլևս անդարձ կորցել ենք, ու համարակալած քարերով Աբովյան կամ Բուզանդի նորակերտ շենքերի ճակատային հատվածում ինչ-որ մի պատ շարելով, ավելի ենք շեշտում, այդ հուշարձանների սպանդը։ Իսկ հիմա կարելի է ցուցահանդես գնալ ու ռեբուս լուծողի զարմացած հայացքով փորձել հիշել, թե ընդամենը մի քանի տարի առաջ որտեղ էին այդ շենքերը։ Այո, նախընտրական քարոզարշավի շրջանակներում շատ հարմար է խոսել Երևանի քաղաքաշինական նկարագրից, Հին Երևանը վերականգնելու հեռանկարից (անհույս և անիմաստ) և սա այն դեպքում, երբ առանց հաստատված նախագծի օրը ցերեկով քանդվում է հուշարձանների ցանկում գտնվող Երևանի ծածկած շուկան ու համապատասխան մարմինները, հայերնի ոստիկանները մատը մատին չեն տալիս։ Իսկ ճիշտ շուկայի քանդելու օրը, նրանից ընդամենը 200 մետր հեռու հայրենի ոստիկանությունը Մաշտոցի պուրակում, հոծ ու խրոխտ շարքերով հսկում ու պաշտպանում էր ինչ-որ տաղավարների (բուտկեքի) անձեռնմխելիությունը սեփական ժողովրդից։ Ու դեռ այդ զավեշտական, գիշերուզոր պաշտպանությունը շարունակվում է։ Այո, հավանաբար մի քանի տարի հետո էլ, դարձյալ ընտրությունների նախօրյակին, ինչ-որ մի ցուցահանդեսում լուսանկարներ կնայեն, թե ինչպես Մաշտոցի հանրային այգին առևտրի կենտրոն դարձավ։ Հիմա մոդա է, նախագահն էլ է Երևանի քաղաքաշինական խնդիրներից խոսում։ Բա՞ որ հինգ տարի շարունակ գոռում էի այդ մասին, ինչու էիք լուռ համառությամբ շարունակում այլանդակում Երևանը։ Եվ դեռ ուզում եք, որ հավատան ձեր փոփոխություններին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել