Ադրբեջանում լավ են հասկացել աշխարհի կարգը: Գիտեն, որ եթե որևէ որոշում ընդունելը դառնա հնարավոր և իրագործելի, ապա դրա իրավաքաղաքական, պատմական, մարդասիրական ու այլ հիմքերը «սարքելն» ու «պադգոնկա» անելն ընդամենը տեխնիկայի հարց են: Ու իրենց վարած քաղաքականությամբ և՛ Ռուսաստանին, և՛ Արևմուտքին տեղ են թողնում՝ հուսալու, որ իրենց շահերը հնարավոր է՝ սպասարկվի Ադրբեջանում կամ Ադրբեջանի միջոցով, եթե բավարարվեն Ադրբեջանի պահանջներն Արցախի հաշվով: Ու դրան դրդում է ոչ միայն ռեալ ուժի ու նպատակին հասնելու համար ռեալ քայլերի պատրաստ լինելու ցուցադրմամբ, այլ նաև միջազգային արենայում իր վարած անկախ քաղաքականությամբ:

Ո՛չ Ղրիմի ու Ուկրաինայի, ո՛չ Վրաստանի, ո՛չ Սիրիայի հարցով ոչ մի միջազգային ատյանում երբևէ չի քվեարկել միանշանակ Ռուսաստանի կամ Արևմուտքի շահերի դրդմամբ ու միշտ բանակցությունների սեղանին դրել է իր «երկաթե շերեփը», ըստ հնարավորության՝ կա՛մ այս, կա՛մ այն կողմի հետ պայմանավորվածության: Հիմա էլ դրեց հարձակողական զորավարժություններով ուժի ցուցադրման ու ուժի կիրառմամբ Արցախի հարցը լուծելու իր պատրաստակամությունը:

Իսկ ինչո՞վ ենք մեյդան մտնում հայերս, Հայաստանի իշխանությունները: Քաղաքական ասպարեզում սեղանին ենք դնում Արևմուտքին հակադրված, ամբողջությամբ Ռուսաստանին նվիրված ու հավատարիմ վասալությունը՝ այս կետով արդեն զրկելով եռանախագահության երեք կողմերին էլ Հայաստանում կամ Հայաստանի միջոցով շահ փնտրելու մոտիվացիայից: Ռուսաստանն այն ամբողջությամբ ստացել է ավելիով, իսկ Արևմուտքը՝ չորով մերժվել,
ռազմական ուժի տեսակետից էլ՝ 70-ականների զենքերն ու ցեղասպանվածի սինդրոմով աշխարհի գութը շարժելու լալահառաչ «արդարության պահանջատիրությունն» ու մեկ էլ չեղած «միջազգային իրավունքին» ու «պարտավորություններին» մեր հավատարմությունը: Հա, մոռացա․ մեկ էլ «քաղվերլուծաբանների»՝ քաղաքական իրողություններից բացարձակ անտեղյակ, բացառապես ներքին իշխանապայքարի կոնյուկտուրայից բխող վերլուծություններն ու «միջազգային իրավունքի»՝ միմիայն ուժեղների կամքի բալանսն ապահովող ու արդեն նաև այդ գործառույթն էլ չիրականացնող նորմերի «մասնագետների» հոգնեցուցիչ թղթե լավաշները, մեկ էլ Նիկոլի «շուստրի» կոմբինացիաներն «իրավունքի» ու «պարզաբանումների» թեմաներով: Ու որպես պատասխան մեր ու ադրբեջանցիների ներկայացրած շերեփների բալանսների՝ ազգովի ստանում ենք եռանախագահների հայտարարություն-դիրքորոշումը:

Շարունակեք, պարոնայք: Ինչպես կասեր դասականը, մամուլն էլ է ձեր ձեռքը, դրանով մտածելու կարողությունը բթացրած ու զոմբիացած մասսան էլ:

Տարիներ հետո նորից կսկսենք փիլիսոփայել թղթե շերեփի թեմայով ու «աշխարհ, աշխարհ, անարդար աշխարհ» հոգեցունց, բայց գեղեցիկ բանաստեղծական տրագիկ անմեղսունակությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել