Մարտի 14-ին Մաշտոցի պողոտայում, Թումանյան փողոցում և Ազատության հրապարակում մի խումբ քաղաքացիներ իրականացնում էին բողոքի ակցիաներ Օպերայի հարակից սրճարանների ապամոնտաժման դեմ՝ պահանջելով, որ չքանդեն իրենց աշխատատեղերը։
Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը, որը ստանձնել էր սրճարանների ապամոնտաժման քաղաքական պատասխանատվությունը, ցույցերի տարբեր ժամանակահատվածներում հայտարարում էր, որ դրանք ուղղորդված են, որ նա անձամբ է ճանաչում սրճարանների սեփականատերերին և աշխատակիցներին, սակայն ցույցեր իրականացնող անձինք այլ տեղերից եկած անձինք են և ոչ թե սրճարանների աշխատակիցներ։ Վիկտոր Մնացականյանն անգամ կոչ արեց, որ ինչ-որ հասարակական նախաձեռնություն Ֆեյսբուքում տարածի ցույցի մասնակիցների նկարները «ոչ սրտացավ երևանցի» hashtag-ով, որպեսզի կարողանան բացահայտել, թե ովքեր են այդ անձինք, որոնք ուղղորդված եկել են ցույցերին մասնակցելու։ Մեկ այլ տեսակետի համաձայն՝ ցույցերին մասնակցել են հենց Վիկտոր Մնացականյանի և նրա քաղաքական թիմի հրահանգով ուղղորդված անձինք։
Իրականությունը բացահայտելու համար AntiFake.am-ը ձեռնամուխ եղավ փաստերի ստուգմանը և հետաքրքիր բացահայտումներ արեց։ Ստորև ներկայացված նկարներում այն անձինք են, ովքեր ցույցերի ամբողջ ընթացքում հայտնվել են ցուցարարների մեջ, պարբերաբար ուղեկցել են Վիկտոր Մնացականյանին և առանձնազրույցներ ունեցել միմյանց հետ։ Նրանցից մեկը՝ նկարում նշված «Պարոն Կյաժը», որը ցույցերի տարբեր հատվածներում մշտապես գտնվել է Վիկտոր Մնացականյանի շուրջը, պարզվում է՝ 2017 թվականի ԱԺ ընտրությունների ժամանակ եղել է ՀՀԿ վստահված անձը 9/46 ընտրատեղամասում (տեսանյութը՝ https://www.youtube.com/watch?v=XWwhH9UnSMM)։
Այս տեսանյությում, ի դեպ, «պատահականության սկզբունքով» կարելի է հանդիպել ՀՀԿ մեկ այլ կարկառուն վստահված անձի՝ Դավիթ Սիմոնյանին, որը հայտնի է նաև որպես «Բոքսի քուչի Ճլե» կամ «Կենտրոնի կյաժ»։ Նա 2009-ի ընտրությունների ընթացքում հարձակում էր գործել ՀԱԿ-ի ակտիվիստների վրա, ինչպես նաև լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում էր հայտնվել սահմանադրական հանրաքվեի ընթացքում իրականացված խախտումների առնչությամբ (նա կոտրել էր «Իլուր»-ի լրագրողի տեսախցիկը, ապա ընդհարվել պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հետ, նաև խոչընդոտել «Ազատություն» Ռ/Կ-ի աշխատանքը) (տեսանյութը՝ https://www.youtube.com/watch?v=1G69OaO1cPc)։
Մյուս երկու երիտասարդները՝ «Պարոն Կամուֆլյաժը» և «Պարոն Ֆերարին», «Պարոն Կյաժի» հետ միասին նույնպես ցույցերի ամբողջ ընթացքում ուղեկցել են Վիկտոր Մնացականյանին։ Այս տեսանյութը վկայում է (https://youtu.be/7gbjmdir0dQ?t=135), որ «Պարոն Կամուֆլյաժը» մշտապես Վիկտոր Մնացականյանի շուրջբոլորն է և առանձնազրույցներ է ունենում վերջինիս աշխատակիցների հետ։ Հարկ է նշել, որ Կենտրոն վարչական շրջանի ՀՀԿ վստահված անձինք բոլոր ընտրությունների ընթացքում աչքի են ընկել ոչ պատշաճ վարքագծով, ընտրակեղծարարություններով, ուստի հարց է առաջանում, թե ի՞նչ գործ ունեն վերոնշյալ անձինք Վիկտոր Մնացականյանի և քաղաքապետարանի աշխատակիցների հետ, ի՞նչ մոտիվացիայով են մասնակցել «Օպերայի» ցույցերին, ի՞նչ նպատակներ են հետապնդել։
Ցույցերի դրվագներից մի քանիսում էլ հանդիպում ենք «ՔՊ» կուսակցության անդամ և վարչապետի տիկին Աննա Հակոբյանի վարորդին՝ Արթուր (Ամիգո) Ղուկասյանին, որը հայտնի է տարբեր սադրիչ գործողություններին իր մասնակցությամբ, օրինակ՝ «Էրեբունի Պլազայում» Ռոբերտ Քոչարյանի մամլո ասուլիսի տապալումը (տեսանյութը՝ http://bit.ly/2HsWg8r)։ Այսպիսով՝ ովքեր տեղեկություններ ունեն վերոհիշյալ անձանց վերաբերյալ (ում անուն- ազգանունները նշված չեն), խնդրում ենք դրանք տրամադրել մեզ, որպեսզի պարզենք, թե ինչ կապ ունեն վերը նշված անձինք Օպերայի հարակից սրճարանների ապամոնտաժման դեմ կազմակերպված ցույցերի հետ, ինչ նպատակներ են հետապնդել, ինչ մոտիվացիայով են այնտեղ եղել և, առհասարակ, ինչ կապ ունեն Վիկտոր Մնացականյանի հետ։