Փորձագետի կարևորագույն հատկանիշներից է նաև օբյեկտիվությունը: Պատմական ճակատագրի բերումով մեր հարևանությամբ հիմնականում ունեցել ենք առնվազն երկու տարածաշրջանային գերտերություն, և նաև նրանց միջև մանևրելը մշտապես եղել է մեր արտաքին քաղաքական առանցքային ուղեգծերից: Մեր օրերն էլ բացառություն չեն. ունենք բարեկամ Իրան, ոչ բարեկամ Թուրքիա:
Այնպես է ստացվել, որ մեր ժողովրդին բնորոշ հատկանիշներից մեկը՝ «բարեկամի մասին միայն լավը, թշնամու մասին միայն վատը», որոշակիորեն պրոյեկտվում է նաև տեղեկատվական-վերլուծական դաշտում, ինչն ուղղակիորեն խոչընդոտում է մեր հասարակության համար հարևաններին առավելագույնս ճանաչելի դարձնելու երևույթը:
Այսուհանդերձ, արևմուտքում Հայաստանին սահմանակցում է ոչ բարեկամ բավական լուրջ տարածաշրջանային գերտերություն, որի հավակնությունները, հատկապես գործող վարչակարգի պայմաններում, հաճախ ձգտում են համաշխարհային մակարդակի, ինչն օբյեկտիվ է, բայց նաև վտանգավոր:
Ինչպես և կանխատեսվում էր, անցյալ շաբաթվա վերջին Նոր Զելանդիայում մուսուլմանական մզկիթների դեմ իրականացված ահաբեկչության թեման Թուրքիայի իշխանական վերնախավն օգտագործում է սեփական նեղ շահերի համար, վստահաբար, կարելի է պնդել՝ լավագույնս է օգտագործում:
Գրառմանը կցված լուսանկարը բավական խորհրդանշական կերպով բնութագրում է Անկարայի ուժեղ քաղաքական և քարոզչական քայլը. Թուրքիայի ԱԳ նախարարը և փոխնախագահը ժամանում են Նոր Զելանդիա՝ ցավակցելու այդ երկրի բնակչությանը և «իսլամատյացության» դեմ իրենց վճռական խոսքը հնչեցնելու:
Չնայա որ ահաբեկչի գործողություններում ակնհայտ էր հակաօսմանական մոտիվացիան, այդուհանդերձ, դատելով ցայժմ հնչած արձագանքներից, Անկարայի նման քայլն արդեն իսկ ապահովել է առնվազն հետևյալ բազմակողմանի արդյունքները․
1. Ներքաղաքական հարթությունում հենց նախընտրական շրջանում Էրդողանի վարչակարգը նման հաղթաթուղթը լավագույնս է օգտագործում՝ հաշվի առնելով վերջին շրջանում երկրի արձանագրած հետընթացը սոցիալ-տնտեսական ոլորտում, ժողովրդավարության, մարդու իրավունքների բնագավառներում և այլն:
2. Երուսաղեմի հիմնախնդրի, պաղեստինցի արաբների իրավունքների պաշտպանության և մի շարք այլ թեմաների կողքին սա հերթական հնարավորություն էր Անկարայի համար մուսուլմանական աշխարհն առաջնորդելու հավակնությունների դրսևորման ճանապարհին:
3. Թուրքիայի նման քայլն անհատական մակարդակում նաև լայն հավանության է արժանացել աշխարհի տարբեր երկրների՝ հատկապես արմատական գաղափարներ դավանող մուսուլմանների շրջանում:
Վերոնշյալի համատեքստում, նաև Սիրիայում, Իրաքում Թուրքիայի գործելաոճը դիտարկելով, 1990-ականներին հայ-ադրբեջանական ռազմաճակատի և 2016-ի Ապրիլյան քառօրյայի առանձին դրվագներ հիշելով կարելի է առնվազն հաշվարկել, կանխատեսել, թե ինչպիսի վտանգներ կարող են ստեղծվել Հայաստանի արևմտյան հարևանի գործելաոճից մեր տարածաշրջանում որևէ հիմնախնդրի ռազմական բաղադրիչի ակտիվացման պարագայում: