Չեմ զարմանա, եթե նորզելանդական ահաբեկչության հետևում հենց իսլամական ծայրահեղական քաղաքական, մասնավորապես՝ թուրքական հետք լինի։ Փամփուշտների պահունակների վրա հատկապես քրիստոնյա ազգերի լեզուներով գրառումները խնամքով մտածված սցենար էր՝ քրիստոնյա երկրների դեմ անհանդուրժողականություն ու ծայրահեղական գործողություններ սերմանելու համար։
Ահավասիկ, ստորև նկարը, ըստ որոշ լուրերի, կասկած-վարկածիս օգտին է կարծես։ Նկարում կարծես թե այդ նույն ահաբեկիչն է, որն ինչ-որ ժամանակ եղել է թուրքական ահաբեկչական խմբի հետ և որն օրեր առաջ Նոր Զելանդիայում 49 մարդու սպանեց: Չգիտեմ, ժամանակը և գործի հետագա քննությունը ցույց կտա, նկարի անձի և նորզելանդական ողբերգության ահաբեկչի նույնականացման համապատասխանությունը չեմ պնդում։
Իսկ սա գրում եմ հատուկենտ այն անձանց համար, որոնք, տեսնելով հայերեն «Սարիղամիշի ճակատամարտ» գրառումը, խանդավառված էին այդ դաժան ողբերգությամբ։ Ի դեպ, ուշադրություն դարձրեք, որ պահունակների վրա տարբեր ազգերի լեզուներով գրեթե բոլոր գրառումները թուրքերի նկատմամբ տարած հաղթանակների մասին նշագրումներ են։ Եթե իսլամի հետ կապված լինեին, կարծում եմ՝ կգերակշռեին Խաչակրաց արշավանքների մասին գրառումներն ու տարեթվերը։
Տհասներ, կխնդրեի, որ ոգևորվելուց առաջ սկզբում պատկերացնեք, թե ինչ հետևանք կարող է ունենալ նման պրովոկացիոն գործողությունը սփյուռքի համար։
Երկրորդ հերթին՝ Սարիղամիշի ճակատամարտն առաջին համաշխարհայինի ժամանակ ռուս-թուրքական պատերազմի գործողություն էր, որին, չնայած հայկական կողմը կամավորական գնդերով մասնակցել է արևմտահայության ազատագրման համար, բայց ընդհանրապես դա Ռուսական կայսրության և Օսմանյան սուլթանության պատերազմ էր։ Լավագույն դեպքում հայերն այդ պատերազմից կարող էին ակնկալել արևմտահայության ֆիզիկական փրկություն, բայց ոչ անկախ պետություն, ինչպես 1828-1829թթ.-ից հետո Արևելյան Հայաստանում չստացանք հայկական ինքնավարություն, այլ դարձանք Ցարական կայսրության Թիֆլիսի, Երևանի և Ելիզավետպոլի նահանգների մասեր։
Եվ երրորդ հերթին՝ մենք երբեք իսլամի՝ որպես հավատքի դեմ չենք կռվել։ Անգամ Կիլիկիայի թագավորությունը, որը գոյություն ունեցավ հիմնականում խաչակրաց արշավանքների ժամանակաշրջանում, հնարավորինս ու առավելագույնս խուսափեց քրիստոնյա-մահմեդական առճակատումներից։
Մեր պայքարը միշտ եղել է տիրապետողների իշխող քաղաքական ղեկավարության դեմ։ Չմոռանանք, որ ցեղասպանության տարիներին հարավի իսլամական շատ ազգեր սատարեցին մահապուրծ մեր հայրենակիցներին և շատ երկրներում՝ Սիրիա, Լիբանան, Իրան, Իրաք, Եգիպտոս, ձևավորվեցին ամենակազմակերպված և ուժեղ հայ համայնքները։