Հայոց ցեղասպանությունը ամբողջ պատմության ընթացքում դաջված է լինելու թուրք ժողովրդի և նրանց ղեկավարների ճակատներին։ Որքան էլ որոշ ուժեր փորձեն ժխտել, միևնույնն է թուրքական պետության հետ խնդիր ունեցող ցանկացած պետություն ամեն անգամ Թուրքիայի ղեկավարությանը հիշեցնելու է, որ իր պետությունը ցեղասպանություն իրականացրած պետություն է։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուի վեճի արդյունքում ևս շոշափվեց հայոց ցեղասպանությունը։

Էրդողանը Իսրայելի վարչապետին «Իսրայելը ղեկավարող գող» է անվանել, այն բանից հետո, երբ վարչապետը նրան «բռնակալ» է անվանել։

«Հե՛յ, Նեթանյահո՛ւ, ուշքի՛ արի: Դու անխիղճ ես, 7 տարեկան պաղեստինցի երեխաներին սպանող անխիղճ ես: Քո ոստիկանը, քո զինվորը կոշիկով մտնում է մեր սրբավայրերը: Մի՛ սադրիր մեզ: Մենք ոչ մի հրեայի չենք ճնշել»,- ասել է Էրդողանը՝ հայտարարելով, որ Թուրքիան «մինչև իր վերջին շունչը» պայքարելու է Պաղեստինի հարցի լուծման համար:

Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուի որդին՝ Յաիր Նեթանյահուն, իր թվիթերյան էջում գրառում է կատարել ուղղված Էրդողանին։

«Եվ ես նրան (Էրդողանին) կհիշեցնեմ, որ Ստամբուլ քաղաքն իրականում կոչվում է Կոստանդնուպոլիս: Նախքան թուրքական շրջափակումն այն հազար տարուց ավելի եղել է Բյուզանդական կայսրության մայրաքաղաքը և ուղղափառ քրիստոնեության կենտրոնը: Ես նրան նաև կհիշեցնեմ հույների, ասորիների և հայերի դեմ Թուրքիայի գործած ցեղասպանության մասին: Նրանք Փոքր Ասիայում բոլոր քրիստոնյաների էթնիկ զտում իրագործեցին» , - գրել է վարչապետի որդին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել