«Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, ով, կարելի է ասել, քաղաքապետի պաշտոնում իր գործունեության «ստարտն» ըստ էության երեկ տվեց, ընդ որում՝ սկանդալային, բռնության հասած գործողությունով, այդպես էլ իր մեկնաբանություններում չհիմնավորեց, թե ինչո՞ւ է Երևանի կանաչ գոտու վերականգնման սցենարի իրագործումը սկսել հենց Օպերային թատրոնի շրջակա նեղլիկ գոտուց:

Հարց է առաջանում, իսկ ինչո՞ւ մայրաքաղաքի էկոլոգիական մաքուր միջավայրի ձևավորման փորձը չսկսել, օրինակ, Նորքի բարձունքից, մանավանդ, որ քաղաքի էկոլոգիական բալանսն ապահովելու համար այստեղ ավելի լայն հնարավորություն է ստեղծված: Ոչ վաղ անցյալում Նորքի բարձունքում հեկտարներով խիտ ծառածածկույթ կար, հարուստ թթվածնային գոտի, և այստեղից արտադրվող թթվածինը տարածվում էր ողջ Երևանի վրա: Բացի այդ, Նորքի բարձունքի ընտրության դեպքում աշխատանքներն ավելի անկաշկանդ կիրականացվեին, անաղմուկ, այս դեպքում քաղաքապետի մղումներն ավելի համոզիչ ու ընկալելի կլինեին, չէին լինի խանգարող ակցիաներ, հակառակը՝ գուցե հարյուրներով ու հազարներով այս գործին կամավորներ միանային, ու սա լավագույն PR քայլը կլիներ՝ մարդկանց հիշողություններում ամենատպավորիչ քաղաքապետը մնալու համար:

Բայց Նորքի բարձունքի մասին՝ անգամ ոչ մի խոսք… Պուրակների ազատագրման մասին անընդհատ խոսող քաղաքապետը երեկ հարցազրույցում սպառնաց հաջորդ քայլով՝ ծանր տեխնիկան մտցնել Օղակաձև զբոսայգի, որպեսզի նույն կերպ վտարեն նաև Խանջյան փողոցով մեկ ձգվող սրճարանների վարձակալներին և սեփականատերերին:

Մինչ սրճարանների քանդման գործընթացն ավարտին կհասնի, քաղաքապետարանում՝ Մարությանի հրահանգով հաջորդ դժվարամարս գործողության սցենարն է մշակվում:

Քաղաքապետարանի 168.am-ի աղբյուրի փոխանցմամբ՝ Իրավաբանական վարչությունում մասնագետները լծված են շինթույլտվությունների փաստաթղթերը ուսումնասիրելու գործին, իրավական հիմքեր են պատրաստվում՝ սկսելու մանսարդների քանդման աշխատանքները: Սա էլ պակաս աղմկահարույց որոշում չէ, ու որքան էլ դրանց կառուցման հիմքերը թղթաբանության մեջ իրավաբանորեն ամուր լինեն, ասում են, ինչ-ինչ դեպքերում, միևնույն է, քանդման որոշումն անխուսափելի է լինելու:

Քաղաքապետ Հայկ Մարությանը մտադիր է ոչ ուշ՝ քան մայիսին, արձակել համապատասխան որոշումը ու սկսել շենքերի կտուրներում ներկառուցված մանսարդների (ձեղնահարկերի) սրբագրումները:

Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանն իր հարցազրույցներից մեկում ընդունեց, որ վերջին երկու տասնամյակում տանիքներում լայնորեն կիրառելի դարձած ձեղնահարկերի կառուցապատման դեմ պայքարն ավելի ծանր փորձություն է լինելու քաղաքային իշխանության համար, և, որ դրանք ոչ միշտ են հարստացնում շենքի արտաքուստ ճարտարապետական կերպարը: Ուստի, բացառված չէ, որ քաղաքապետարանն այս խնդրի լուծմանը փուլ առ փուլ գնա:

Առայժմ գույքագրված են հիմնականում՝ գլխավոր պողոտաների ու կենտրոնական փողոցների բնակելի շենքերի տանիքների հաշվին կառուցված ձեղնահարկերը: Վերանայվելու են հատկապես այն շինթույլտվությունների հիմքերը, որոնցով շենքի ծավալն ավելացնելու խնդիր է լուծվել»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել