Կառավարությունը ՀՀ ֆինանսների նախարարության առաջարկով շրջանառության է դրել նախագիծ, ըստ որի՝ գրավատների պետական տուրքը 100,000 դրամից դառնում է 6,000,000 դրամ։ Որպես տնտեսագետ փորձեցի վերլուծել գրավատների գործունեությունը և զրուցեցի դրանց սեփականատերերից մի քանիսի հետ։ Այժմ եկեք հաշվարկենք գրավատների գործունեությունը։ ՀՀ-ում գործում է շուրջ 180 գրավատուն, քանի որ գրավատների համար կապիտալի չափ նախատեսված չէ, իսկ վարկային կազմակերպությունների համար նվազագույն վարկային պորտֆել նախատեսված է 100,000,000 դրամ, ապա հաշվարկը վերցնենք 100,000,000 դրամ։ Գրավատների միջին ամսական տոկոսը 3 տոկոս է, այսինքն՝ իդեալական պայմաններում, երբ հաշվի առնենք, որ առաջարկվող պորտֆելն ամբողջությամբ բաշխված է, գրավատունն ամսական ունենում է 3,000,000 դրամ մուտք, որից ծախսերն են՝
1․ Աշխատավարձ՝ նվազագույնը 4 աշխատողի (տնօրեն, գնահատող, գանձապահ, պահակ), միասին վերցված՝ մոտ 1,200,000 դրամ՝ ներառյալ հարկեր,
2․ Գործունեության տարածքի վարձակալություն՝ 300,000 դրամ,
3․ Կոմունալ վճարներ՝ 100,000 դրամ,
4․ Ոստիկանության պահպանության գումար՝ 50,000 դրամ,
5․ Դրամի տարեկան արժեզրկում՝ միջինը 6 տոկոս, ամսական՝ 0,5 տոկոս՝ 500,000 դրամ
6․ Հարկեր՝ 150,000 դրամ,
7․ Այլ ծախսեր՝ 50,000 դրամ։
Ընդամենը՝ 2,350,000։
Ստացվում է, որ գրավատներն ունենում են մոտավորապես 600,000-700,000 դրամ եկամուտ։ Եթե ընդունվի այս նախագիծը, ապա ամսական կտրվածքով կավելանա նաև 500,000 դրամ պետտուրք։ Ստացվում է՝ սեփականատերը 100,000,000 դրամ գումար է ներդնում ամսական 150,000 դրամ վաստակելու համար, ինչն աբսուրդի ժանրից է, քանի որ բանկերում ավանդների տոկոսը մոտավոր 6 տոկոս է, հետևաբար նոր պայմաններում սեփականատերերը ստիպված կլինեն իրենց բիզնեսը փակել՝ գումարներն ավանդադրելով բանկերում։ Եվ կրկին կտուժեն միայն շարքային քաղաքացիները՝ 4 հոգով 180 գրավատուն, այսինքն՝ 720 քաղաքացի կմնա գործազուրկ։