Պարադոքսներ
Թուրքիան նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալինը թվիթերյան գրառման միջոցով սուր քննադատության է ենթարկել Իսրայելի վարչապետի «ռասիստական և խտրական» քաղաքականությունը: Բանն այն է, որ օրերս, պատասխանելով իսրայելցի ամենահայտնի մոդելներից մեկի՝ Ռոտեմ Սելայի պնդմանը, թե Իսրայելը հանդիսանում է իր բոլոր քաղաքացիների պետությունը, Բենյամին Նեթանյահուն նշել էր, որ Իսրայելն ընդհանրապես չի համարվում սեփական քաղաքացիների պետությունը, այն, 2018թ. ընդունված Հիմնական օրենքի համաձայն, «միայն ու միայն հրեա ժողովրդի պետությունն է»:
Մի՞թե պարադոքս չէ, որ մերօրյա աշխարհում ամենից շատ հալածանքներ և խտրական վերաբերմունք տեսած ժողովրդի հայրենիքում՝ Մերձավոր Արևելքի միակ ժողովրդավարություն հռչակված երկրում, անտեսվում են բնակչության մոտ 25%-ի բնական իրավունքները...
Բայց նաև մեկ այլ պարադոքս է այն իրողությունը, երբ նման օբյեկտիվ խնդրի մասին բոլորից հաճախ բարձրաձայնում է իրեն պաղեստինցի արաբների իրավունքների ամենասկզբունքային պաշտպանը հռչակած Թուրքիան՝ մի պետություն, որտեղ այսօր էլ մեծ թափով տեղի է ունենում այլազգիների իրավունքների, ժողովրդավարական արժեքների ամբողջական ոտնահարում, մի պետություն, որն իր ողջ կարողություններով ժխտում է սեփական իրավանախորդի կողմից իրականացված 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը...