Հայաստանի Հանրապետության տնտեսության մեջ կուտակված հիմնախնդիրների լուծումը և վերջինիս կայուն աճը ներկայումս մեծապես կախված են ներդրումային գործընթացի ակտիվացումից, ինչի ապահովման համար անհրաժեշտ է գործուն և հրատապ քայլեր ձեռնարկել ներդրումային միջավայրի բարելավման ուղղությամբ: 
Ներկայումս Հայաստանի Հանրապետության տնտեսությունը ճգնաժամից դուրս բերելու, տնտեսության ճյուղերի և մարզերի զարգացման նոր մակարդակի ապահովման ուղղությամբ մեծապես կարևորվում է անհրաժեշտ ծավալով ինչպես տեղական, այնպես էլ օտարերկրյա ներդրումների ներգրավումը, որոնք կխթանեն տնտեսական հարաբերությունները մեր երկրում՝ ստեղծելով բազմաթիվ նոր աշխատատեղեր: Բնականաբար, ասվածը բնավ էլ նորություն չէ և հստակորեն գիտակցվել է նաև Հայաստանի նախկին կառավարությունների կողմից, որոնք ներդրումների ներգրավման ուղղությամբ իրականացրել են որոշակի քայլեր: Սակայն, պետք է փաստել, որ այդ քայլերը աչքի չեն ընկել ռազմավարականությամբ, հիմնականում չեն կրել համակարգային բնույթ և թելադրված են եղել իրավիճակային լուծումներով՝ առանց վերջիններիս հիմնավոր տնտեսագիտական գնահատկանների: Թերևս սա է պատճառը, որ տնտեսության մեջ ներդրումների ծավալներն աճելու փոխարեն նվազման միտում են ցուցաբերել ոչ միայն ճգնաժամի ընթացքում, այլև դրան հաջորդած տարիներին, ինչի արդյունքում էլ տնտեսական աճի ցուցանիշները ևս անկում են արձանագրել: Սա բնականաբար վկայում է այն մասին, որ մեր հանրապետության ներդրումային միջավայրը դեռևս բավարար գրավիչ չէ ինչպես տեղական, այնպես էլ արտաքին ներդրողների համար:
Կասկած չկա, որ նոր ժողովրդավարական կառավարության ձևավորումը դրական քայլ է հանդիսանում Հայաստանի վարկանիշը միջազգային հանրության մոտ բարձրացնելու ուղղությամբ: Սակայն, սա անչափ կարևոր, բայց դեռևս բավարար պայման չէ ներդրումների մեծ հոսքեր ակնկալելու համար: Ներկայումս, Հայաստանի տնտեսության մեջ ներդրումների ներգրավմանը խոչընդոտում են բազմաթիվ բացասական գործոններ, ինչպիսիք են՝ ներդրումային հարաբերությունները կանոնակարգող օրենսդրության անկատարությունը, ներդրումային գործունեությունը խթանող և տնտեսապես հիմնավորված արտոնությունների բացակայությունը, սեփականության իրավունքների և ներդրողների շահերի պաշտպանության ցածր մակարդակը, կոլեկտիվ ներդրումների իրականացման մեխանիզմների բացակայությունը, մրցակցային միջավայրի անկատարությունը, տնտեսվարողների վրա բարձր հարկային բեռը, ստվերային տնտեսության բարձր տեսակարար կշիռը, ֆինանսական ռեսուրսների դժվարամատչելիությունը, գիտության և տնտեսության միջև արդյունավետ ռազմավարական համագործակցության բացակայությունը, պետություն-բիզնես փոխգործակցության ցածր մակարդակը, կոռուպցիայի բարձր մակարդակը և այլն:
Ներդրումային միջավայրի բարելավումը համարելով երկրի տնտեսական առաջընթացի հիմնական գերակայություններից մեկը՝ անհրաժեշտ է մշակել և նպատակաուղղված կերպով իրականացնել այնպիսի միջոցառումներ, որոնք կնպաստեն ներդրումային բարենպաստ միջավայրի ձևավորմանը` ներդրումների իրականացման համար լրացուցիչ տնտեսական ու վարչարարական խթաններ ապահովելու միջոցով: 
Վերոհիշյալ խնդիրների հրատապ լուծման համար անհրաժեշտ են գիտականորեն հիմնավորված և համակարգային բարեփոխումներ՝ շուկայական տնտեսական համակարգի ինստիտուտների զարգացման, օրենսդրական դաշտի բարելավման և տնտեսական քաղաքականության նոր ուղենիշների սահմանման ուղղությամբ: 
Կարծում եմ, Հայաստանի տնտեսության մեջ ներդրումների խթանման համար կարևոր քայլեր կհանդիսանան՝
• ներդրումների ռազմավարական պլանավորման համակարգի ներդրումը,
• ներդրողների և ներդրումային գործունեության իրավական պաշտպանվածության երաշխիքներն ապահովող միջազգային չափանիշներին հարիր օրենսդրական դաշտի մշակումը,
• ներդրումային գործունեության գծով վարչարարության պարզեցումը,
• հարկային և դրամավարկային քաղաքականության ոլորտում ներդրումները խթանող միջոցառումների համալիրի մշակումը,
• կոլեկտիվ ներդրումներ ապահովող ենթակառուցվածքների ձևավորումը,
• կոռուպցիոն երևույթները կանխարգելող իրավական հստակ մեխանիզմների ձևավորումը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել