Armeniasputnik.am-ը գրում է.

Ադրբեջանը չի փոխում իր մարտավարությունն ու ագրեսիվ կեցվածքը։ Մարտի 11-ին մեկնարկած զորավարժությունն, ըստ ռազմական փորձագետ Տարոն Հովհաննիսյանի, դրա վառ ապացույցն է։

Նման լայնամասշտաբ զորավարժություններն Ադրբեջանի համար աննախադեպ չեն։ Sputnik Արմենիայի եթերում, մեկնաբանելով Ադրբեջանում մարտի 11-15-ն անցկացվող զորավարժությունները, ասաց ռազմական փորձագետ Տարոն Հովհաննիսյանը։

Նրա խոսքով, վերջին տարիներին Ադրբեջանն այս ու ավելի լայնածավալ զորավարժություններ հաճախակի է անցկացնում։

«Անցած տարի առնվազն նման 3 զորավարժություն է իրականացրել, և երեքն էլ անձնակազմի հայտարարված քանակով ավելի մեծ են եղել։ Այս զորավարժությունը ներգրավված զինտեխնիկայի առումով գրեթե նույնն է` չնայած անցած տարի եղել է ավիացիոն ուժերի մինչև 50 միավորի ներգրավում։ Այս տարի 20 միավոր էր»,– ասաց Տարոն Հովհաննիսյանը։

Նրա խոսքով` այս զորավարժության հիմնական առանձնահատկությունը դրա հարձակողական բնույթն է, քանի որ նախկինում զորավարժությունների սցենարները հակահարձակողական բնույթ են կրել։

«Սա հայտարարված հարձակողական սցենար է` պայմանական թշնամու դեմ։ Եվ հասկանալի է, որ այս դեպքում պայմանական թշնամին առավելապես հենց Արցախի պաշտպանական բանակն է։ Հայտարարել են, որ զորավարժությունն ավարտվելու է պաշտպանության ճեղքմամբ, ինչպես նաև հրթիռային հարվածներով ռազմական օբյեկտները վնասազերծելու գործողություններով։ Ամենայն հավանականությամբ, կներգրավվեն նաև հեռահար հրթիռային համալիրներ, միգուցե` «Պոլոնեզ» համակարգեր և LORA օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրներ։ Բայց վերջիններիս մարտական կրակով դրվագներ կխաղարկվեն, թե ոչ, այնքան էլ պարզ չէ»,– ասաց փորձագետը։

Սա, ըստ Հովհաննիսյանի, վկայում է, որ Ադրբեջանը չի փոխում իր մարտավարությունն ու ագրեսիվ կեցվածքը։

Փորձագետի համոզմամբ, շփման գծում նման քանակով զինտեխնիկայի կուտակման պարագայում հայկական կողմն ու, մասնավորապես Արցախի պաշտպանության բանակը պետք է համապատասխան մարտական պատրաստության բերվեն։

«Հավանականությունը ցածր է, որ նման զորավարժությունների ժամանակ ակնհայտ ռազմական ագրեսիայի կգնան, քան այն դեպքերում, երբ դա նախապես չի հայտարարվում։ Ինչպես 2016-ի դեպքում, երբ հանկարծակիի են փորձում բերել»,– ասաց նա։

Ու թեև զորավարժության ընթացքում Ադրբեջանի կողմից հայկական դիրքերի վրա հարձակումը փորձագետն անհավանական է համարում, բայց ագրեսիվ հռետորաբանությունը, նրա համոզմամբ, վկայում է, որ Ադրբեջանը չի փոխել իր կեցվածքը, շարունակում է չկատարել միջազգային պարտավորությունները` ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու ուղղությամբ։

Ինչպես արդեն հայտարարվել է, մարտի 11- 15-ը Ադրբեջանի զինված ուժերն իրականացնում են խոշորագույն զորավարժություններ, որոնց մասնակցելու է 10 000 մարդուց բաղկացած անձնակազմ, մինչև 500 մարտական տանկեր և այլ զրահապատ տեխնիկա, 300 միավոր տարբեր տրամաչափի ինքնագնաց և հրետանային միջոցներ, ականանետեր, հրթիռներ և ռեակտիվ համազարկային միջոցներ, բանակային ավիացիայի ավելի քան 20 միավոր մարտական ինքնաթիռներ և ուղղաթիռներ:

ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակը հայտարարել էր, որ Ադրբեջանը զորավարժության վերաբերյալ չի ծանուցել մասնակից երկրներին։ ԵԱՀԿ տեղեկատվական ցանցով զորավարժության անցկացման մասին Արցախի Հանրապետությունը դեռևս ծանուցում չի ստացել:

Հետևաբար, հայկական կողմը ենթադրում է, որ զորավարժությունը կազմակերպվել է Փաշինյան-Ալիև հանդիպման համատեքստում և ճնշման փորձ է, ի պատասխան հայկական կողմի այն հայտարարությունների, որ Հայաստանը ոչ մի տարածք չի չզիջելու Ադրբեջանին:



Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել