Փաշինյանը մարտի 12-ին Արցախում կմասնակցի Ազգային անվտանգության խորհրդի արտահերթ նիստին։ Արցախի հարցն ամբողջ հայ ազգի հարցն է, որի լուծման համար չպետք է բաժանվենք տարբեր հատվածների։ Գոնե այս հարցի շուրջ բոլորը պետք է միակարծիք ու միմյանց օգնող լինեն՝ անկախ քաղաքական և այլ հայացքներից։
Թշնամին մեզ կոտորելուց հաստատ չի նայելու՝ ով ես, ինչ ես, ինչական ես կամ ումական ես։ Իսկ ազգերին առավել հեշտ է կոտորել, երբ նրանք պատերազմական իրավիճակում համախմբված չեն, երբ իրենք պատերազմը սկսում են օգտագործել անձնական հարցեր լուծելու համար։
Նման իրավիճակներում իշխանությունը պարտավոր է լսել ու քննարկել ցանկացած հայտարարություն կամ առաջարկ, որը օգուտ կտա հարցի լուծմանը։ Իսկ առաջարկ ներկայացնողներն էլ, անկախ իրենց քաղաքական կարգավիճակից, պետք է հասկանան, որ սա հերթական ներքին գզվռտոցը չէ, որ սահմանափակվեն միայն միմյանց հասցեին մեղադրանքներ հնչեցնելով։
Հայաստանն Արցախի անվտանգության երաշխավորն է։ Արցախը Հայաստանի պաշտպանությունն է։ Մենք Արցախը կորցնելու որևէ իրավունք չունենք։