Մարդիկ կային, և վկաներ էլ կան, որ Ղարաբաղյան պատերազմի հենց սկզբից խոսում էին Նախիջևանի ազատագրման մասին՝ համոզված լինելով, որ քանի դեռ գոյություն ունի ադրբեջանական Նախչիվանը, Հայաստանն իրեն երբեք անվտանգ ու ապահով չի կարող զգալ: Ամենապատեհ առիթը (իսկ դրանք մի քանիսն էին) մենք չօգտագործեցինք, ավելին՝ խոչնդոտեցինք Նախիջևանից թուրքերի արտահոսքին և նպաստեցինք, որ այնտեղ կայուն վիճակ հաստատվի, ու իշխանության գա Հեյդար Ալիևը, ում 1991-ի սեպտեմբերին Նախչիվանի ղեկավար կարգվելու կապակցությամբ աշխարհում միակ շնորհավորողը Լ. Տեր-Պետրոսյանն էր: Երկու տարի անց Ալիևը դարձավ Ադրբեջանի նախագահ, այնուհետև գիտենք, թե ինչեր եղան…
25 տարի տևողությամբ բանակցային գործընթաց կոչված այս ԽԵՂԿԱՏԱԿՈՒԹՅԱՆ ընթացքում, երբ խոսք սկսեց գնալ տարածքների վերադարձի մասին (ես չգիտեմ, թե մերոնցից էն ո՞ր ոչխարն էր, ով առաջինը մեջտեղ հանեց արյան գնով ազատագրված տարածքները որպես Ղարաբաղի անվտանգության գոտի դիտարկելու գաղափարը, որը իբր ստիպված էինք ձևավորել ապահովության նպատակներով, ինչից աներկբայորեն բխեցնելով և խոստանալով, որ երաշխավորված անվտանգության հաստատման և Ղարաբաղի կարգավիճակի հարցի լուծման պարագայում այդ տարածքները վերադարձվելու են), այդ նույն մարդիկ անվերջ կրկնում էին, որ անհեթեթություն է խոսել, ասենք, որպես բարի կամքի դրսևորում կամ իբր Ղարաբաղի կարգավիճակի կամ վերջերս արդեն իբր խաղաղության հաստատման դիմաց տարածքների կամ դրանց մի մասի վերադարձի մասին: Դժբախտաբար, այդ մարդկանց բոլոր հորդորները շան հաչոցի տեղ էին անցնում, և այդ մարդիկ մեղադրվում էին պոպուլիզմի, սուտ հայրենասիրության, ավելին՝ տգիտության կամ անտեղյակութթյան ու մակերեսայնության մեջ:
Երբ տարածքների վերադարձի մասին խոսակցություններն արդեն դարձան առօրեական ու սովորական, այդ նույն մարդիկ խնդրում-պաղատում էին, որ, եղբայր, գոնե խոսակցությունները տարեք տարածքների փոխանակման հարթություն ու խոսք բացեք հայ-ադրբեջանական ահա արդեն 100 տարի տևողություն ունեցող տարածքային կոնֆլիկտի, վեճի, մեր համոզմամբ՝ ստալինիզմի անարդարության մասին և մեծացրեք խնդրի ընդգրկումը՝ ներառելով նաև Նախիջևանի հարցը: Եվ ասում էին այդ մարդիկ՝ եթե պարտադիր պայման է ինչ-որ բան տարածքների հետ փոխանակելը, ապա պնդում էին նրանք՝ տարածքները պետք է փոխանակել միայն տարածքների հետ: Ամեն անգամ գոնե կրկնեք այս թեզը՝ պաղատում էին նրանք, և ամեն անգամ կրկնեք՝ Նախիջևան, Նախիջևան…
Բայց, ինչպես տեսնում ենք, Նիկոլին նախորդող «ստրատեգները», եթե անգամ պատրաստակամություն հայտնեցին ինչ-որ տարածքային փոխանակումներ կատարել, ապա ի վնաս Հայաստանի (հիշենք Ռոբերտի հայտնի Մեղրու միջանցքի խայտառակությունը կամ Սերժի ասուլիսը տարածքների հանձնման մասին):
Այսօր չափազանց դժվար է, բայց ոչ անհնար, և ամենակարևորը՝ դեռ ուշ չէ… Միայն հարկավոր է պատճառներ գտնել կամ չեղած դեպքում հորինել: Եթե փոխանակումը խաղաղություն հաստատելու անհրաժեշտ նախապայման է, և այլ ճար չկա, ապա պետք է խոսել, բանակցել Ղարաբաղի շրջակա տարածքներից 5000 քառ. կմ-ը կամ գուցե մի փոքր էլ ավելի փոխանակել Նախիջևանի հետ (5000 քառ. կմ): Ահա այս պարագայում է, որ մենք կունենանք իսկական փոխզիջում, և տարածաշրջանում կհաստատվի վերջնական խաղաղություն: