Երբ 2018 թվականի հոկտեմբեր ամսին հայտարարվեց, այսպես կոչված, վերելակային հանդիպման ու դրա արդյունքում ձեռք բերված պայմանավորվածության մասին, վերլուծական դաշտը մեծամասամբ թերահավատորեն մոտեցավ դրան:
Ինչ խոսք, այդ արձագանքը բնական էր, որովհետև հայտարարել այն մասին, որ վերելակով միասին բարձրանալու ընթացքում հնարավոր է եղել Ադրբեջանի հետ այդպիսի հարցում համաձայնության հասնել, խոստովանենք, որ միամտություն կամ պրիմիտիվիզմի բարձրագույն աստիճանի պես մի բան կլիներ:
Հասկանալի էր, որ այդ փուլում Ադրբեջանը քաղաքական, բանակցային, ինչպես նաև ռազմական առումով վերախմբավորման փուլում էր և ամեն ինչ արեց, որպեսզի իր մարտավարական խնդիրները լուծի և միջազգային հանրության մոտ «խաղաղասերի» իմիջ ձևավորի:
Ադրբեջանն իր առջև դրված հարցերը մի քանի ամսում որոշակիորեն առաջ մղեց, իսկ թե ինչ արեցինք մենք, դժվարանում ենք ասել: Հավատացինք, հասարակությանը ներշնչեցինք, որ ամեն ինչ նորմալ է, ու դա այնքան ժամանակ, մինչև Ադրբեջանը սկսեց ակտիվանալ, ընդգծված խոսել ուժի դիրքերից, վերահաստատեց իր նախկին՝ կոշտ դիրքորոշումը... Մի խոսքով՝ այն ամենը, ինչը սպասելի էր:
Ճիշտ կլինի, որ իշխանությունը վերջապես ճիշտ գնահատի իրավիճակը, ինչը թույլ կտա գնալ ճիշտ թիրախների, ճիշտ կոմբինացիաների և օպտիմալ քայլերի ճանապարհով: