Globehunters ճամփորդական գործակալությունը ԱՄՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնների տվյալների հիման վրա կազմել է այն երկրների ցանկը, որտեղ ծորակի ջուրն անվտանգ չէ կամ տհաճ է խմելու համար, գրում է Daily Mail-ը:

Ցանկում ներառվել են 187 երկրներ՝ ներառյալ Ռուսաստանը և բոլոր նախկին խորհրդային հանրապետությունները՝ բացառությամբ Հայաստանի և Էստոնիայի: Նշվում է, որ ցանկում ընդգրկված լինելը չի նշանակում, որ նշված պետության տարածքի ծորակի ջուրը կեղտոտ է, այն կարող է պարզապես խմելու համար հարմար չլինել:

Անվտանգ է ճանաչվել ԱՄՆ-ի (բացառությամբ Գուամ կղզու), Կանադայի, Ավստրալիայի, Չիլիի, Ճապոնիայի, Հարավային Կորեայի, Սաուդյան Արաբիայի, Միացյալ Թագավորության, Նորվեգիայի և Եվրամիության շատ երկրների ծորակից հոսող խմելու ջուրը:

Պարբերականը նշել է, որ ամբողջ աշխարհում, ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների, ամեն տարի ոչ անվտանգ ջրից դիարեայով վարակվելու հետևանքով շուրջ 842 հազար մարդ է մահանում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել