Այսուհետ հայկական բանակը ոչ միայն զարգացնելու է իր պաշտպանությունը, այլ նաև անցնելու է հարձակման թշնամու կողմից կազմակերպվող սադրանքները նախօրոք կանխելու նպատակով։ Սա ադրբեջանական բանակի հետ խոսելու այն միակ ձևերից է, որը հաստատ տանելու է խաղաղության։ Ադրբեջանական կողմը չի վախենում կորուստներից, մեռնող զինվոր հազար հատ ունեն, սակայն ադրբեջանական կողմը վախենում է լարված իրավիճակից, որն ազդում է երկրի բնակչության վրա։ Ադրբեջանը հստակ աշխատում է մեկ ուղղությամբ, որ ժողովրդին ամեն գնով համոզի, որ իրենք առաջնագծում իրավիճակին տիրապետում են։ Դրա համար դիմում է սադրանքների, փորձում է մխրճվել հայկական դիրքերի մեջ, այդ կերպ չնչին ու կարճ ժամանակով որևէ հաջողության հասնելու դեպքում դա ներկայացվում է հսկայական ձեռքբերում։ Այս դեպքում, երբ, նախատեսվող սադրիչ գործողությունը դեռ չիրականացված, վնասազերծվի, դա ոչ միայն կլինի թշնամու ԶՈւ ձախողումը, այլ կազդի նաև սահմանամերձ գյուղերի բնակիչների վրա, ովքեր առաջինն են զգալու և լսելու այդ գործողությունները։
Նախարարի անդրադարձը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցին ևս ունի իր դրական կողմերը։ Բաքվի ռազմական համալսարանում կրթություն ստացած, Ադրբեջանի, Բելառուսի և Ղազախստանի ջանքերով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածու Ստանիսլավ Զասը հայտարարել է, որ հնարավոր է առանց Հայաստանի կարծիքը հաշվի առնելու ինքը նշանակվի այդ պաշտոնում։ Նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարել է, որ ինքը բացառում է հնարավորությունը, որ առանց Հայաստանի համաձայնության ՀԱՊԿ գլխավոր քարտուղար կնշանակվի։ Զասի՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար նշանակվելու գործընթացին առավել ակտիվ մասնակցել է նաև ադրբեջանական կողմը՝ այդ կերպ հույս ունենալով, որ կազմակերպության կազմում կունենա «իր մարդը»։ Զասն էլ իր հերթին մտերիմ հարաբերությունների մեջ է Իլհամ Ալիևի հետ։ Լուկաշենկոն էլ, լինելով շատ մտերիմ Ալիևների ընտանիքի անդամների հետ, փորձում է նրանց սրտով գլխավոր քարտուղար նշանակել ժամկետից շուտ։
Ադրբեջանական կողմի հետ խաղաղության գնալու համար պետք չէ վիզը ծռել կամ փորձել նրանց սիրաշահել։ Սրանք միայն մեկ լեզու են հասկանում, դա էլ կտրուկ, պահանջող ու կոպիտ խոսելու լեզուն է։ Դա է վկայում այն հանգամանքը, որ ամեն անգամ նման հայտարարություններից հետո ադրբեջանական կողմն, իրար խառնված, հայտարարություններ է տարածում։