
Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած կրակոցների հետեւանքով հրազենային վիրավորում ստացած ԼՂՀ N զորամասի հրամանատար, գնդապետ Արտակ Բուդաղյանի վիճակը լավ է: Այս մասին նշեց ՀՀ ՊՆ Կենտրոնական կայազորի Զինվորական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը:
Նա նշեց, որ վերջինս հավանաբար 2-3 օր կմնա Վերակենդանացման բաժանմունքում, արդեն շաբաթվա վերջին կտեղափոխվի այլ բաժանմունք: Արտակ Բուդաղյանը քայլում է, խոսում է, բայց դեռ չգիտի եղբոր մահվան մասին, միայն ցանկանում է շուտափույթ ոտքի կանգնել, անցնել ծառայության, քանի որ զորակոչը սկսվել է, անհանգիստ է իր զորքի համար: «Ասում է` շուտ հանեք ոտքի, գնամ զորքիս տեր կանգնեմ»,- ասաց Արամ Ասատուրյանը:
Ինչ վերաբերում է Սյունիքի մարզպետի տան մոտ հունիսի 2-ին հնչած կրակոցների հետեւանքով Գորիսի բժշկական կենտրոնից «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխված Սուրեն Խաչատրյանի թիկնապահին` Նիկոլայ Աբրահամյանին, ապա նրա վիճակը կայուն է: Նրանց փոխանցմամբ` դժվար է ասել, թե երբ վերջինս կտեղափոխվի այլ բաժանմունք կամ երբ դուրս կգրվի: Նիկոլայ Աբրահամյանը միացված չէ արհեստական շնչառության ապարատին, պարզ գիտակցություն ունի:
Կրակոցները հնչել են «Բերետա» տեսակի ատրճանակից եւ որսորդական հրացանից:



