Այս նկարում Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) դեսպանատան շենքի մուտքն է։ 2018 թվականի դեկտեմբերին ԱՄԷ ղեկավարությունը որոշեց 6-ամյա դադարից հետո վերաբացել իր դիվանագիտական ներկայացուցչությունը Սիրիայում։ Ընդամենը այս մի դրվագը ցույց է տալիս մերձավորարևելյան բարդ խճանկարը։
Ահավասիկ։ Սիրիայում ճգնաժամի ու պատերազմի սկսվելուց հետո արաբական երկրները ևս ակտիվորեն ներգրավվեցին Ասադին տապալելու գործին՝ քաղաքական մեկուսացումից (Սիրիային հանեցին Արաբական լիգայի կազմակերպությունից) մինչև զինված խմբերի ֆինանսավորում։ Արաբները, բնականաբար, դա անում էին՝ հույս ունենալով ճգնաժամի ավարտից հետո ստանալ «սիրիական տորթի» սեփական բաժինը։
Անցնում են տարիներ։ Պատերազմի արդյունքում հետճգնաժամային Սիրիայում ամենամեծ ազդեցության պոտենցիալը ստանում են 3 երկիր՝ ՌԴ, Իրան, Թուրքիա։ Ասադը մնում է երկրի ղեկին (ու, ըստ էության, կմնա էդպես դեռ երկար ժամանակ), իսկ արաբները մնում են ձեռնունայն, որովհետև գրեթե ոչ մի իրական բան չեն շահում, ավելին՝ փաստացի կտրվելով Սիրիայի ղեկավարությունից՝ ուժեղացնում են տարածաշրջանի իրենց գլխավոր հակառակորդներին՝ Թուրքիային ու Իրանին։
Արաբները հասկանում են, որ անհրաժեշտ է մի բան անել հետճգնաժամային Սիրիայում ազդեցության գոնե որոշակի տոկոս ունենալու համար։ Հենց այս նպատակով ԱՄԷ-ն անցյալ տարի վերաբացում է Սիրիայում դեսպանատունը։ Սկսվում են խոսակցություններ այն մասին, որ արաբական երկրները մասնակիորեն կֆինանսավորեն Սիրիայի ավերված տնտեսության վերականգնումը։ Էս գործին խառնվում են ռուսներն ու ամերիկացիները։ Մի կողմից ՌԴ-ն համոզում է արաբներին, որ պետք է Ասադի հետ նորից հարաբերություններ հաստատել, որ արաբներն ազդեցություն ունենան Սիրիայում՝ դրանով փաստացի ամրացնելով իրեն ենթակա Ասադի վարչակարգը, իսկ մյուս կողմից ԱՄՆ-ն սպառնում է արաբներին պատժամիջոցներով, եթե արաբները ճանաչեն Ասադի իշխանությունը՝ հասկանալով, որ արաբները դրանով անուղղակի օժանդակում են Իրանին, որը համարվում է Ասադի վարչակարգի հիմնական երաշխավորը։
Իմիջիայլոց, վերջին ենթադրությունը հերթական ապացույցը ստացավ երեկ Washington Post-ի հոդվածի շնորհիվ (հղումն՝ այստեղ), որտեղ անանուն դիվանագիտական աղբյուրները պնդում էին, որ ԱՄՆ կողմից այս հարցում մեծ ճնշում կա արաբների վրա անցյալ տարվա վերջից։
Այ այսպիսի բարդ տարածաշրջան է Մերձավոր Արևելքը, ու սա դեռ միայն ընդհանուր համապատկերն է, որի ամեն դետալ կարևոր է հասկանալ ու մտքում ունենալ։ Ավելորդ չեմ համարում հիշեցնել, որ Երևանից մինչև Սիրիայի սահման հեռավորությունը շուրջ 450 կմ է, իսկ Սիրիայում արդեն կա հայկական զինված ներկայություն։
Չմոռանամ ասել, որ էս գործընթացներին հետևելը և նախապատրաստվելը բխում է Հայաստանի ու հայության ռազմավարական անվտանգության շահերից։