Մարտի 5-ն է: 66 տարի առաջ՝ 1953-ի մարտի 5-ին, Ստալինը վախճանվեց: Ուղիղ 11 ամիս անց՝ 1954-ի փետրվարի 4-ին, ԽՍՀՄ ներքին գործերի մինիստրը զեկուցագիր ուղարկեց Խրուշչյովին այն մասին, որ հայտնաբերել են տարբեր մակարդակների պատիժների դատապարտված հազարավոր մարդկանց մասին Ստալինի և ԽՍՀՄ քաղբյուրոյի անդամների կողմից ստորագրված որոշումներ: Այդ մարդկանց պատժի որոշումները պատրաստի ուղարկվում էին ռազմական կոլեգիային․ այնտեղ արդեն իբրև թե պետք է լիներ դատական որոշումը: Բացարձակ մեծամասնությունը գնդակահարություն է: Ստալինը ստորագրում էր նախապես, դատարանը որոշումը կայացնում էր հետո: Հանրությունը սրա մասին իմացավ միայն 80-ականներին: Բայց ՖՍԲ-ի արխիվը մինչև այսօր, ըստ էության, փակ է, և հայտնի չէ, թե դեռ որքան անակնկալներ կարող են լինել:
Մեր ռուսաստանցի գործընկերները ջանացել են և այդ ցուցակները դասակարգել նաև ըստ հանրապետությունների: Ստորև ներկայացվում է ստալինյան ցուցակներով դատապարտված հայաստանցիների ցանկը: Նախապես ասեմ, որ այն «ամենածանրը» չէ, նույնիսկ մեր հարևանների ցանկերն անհամեմատ գերազանցում են Հայաստանին թե՛ բացարձակ թվերով, թե՛ բնակչության ընդհանուր կազմի հարաբերական թվերով: Մյուս կողմից՝ սա նաև հայերի ցանկը չէ: Ստալինյան ցուցակներով դատապարտված ԽՍՀՄ հայերի թիվն անհամեմատ մեծ է, նրանք առկա են ԽՍՀՄ բոլոր հանրապետությունների ցուցակներում, բայց այդ ցանկի կազմումը դեռ ավարտված չէ:
Կարծում եմ՝ մենք սրա մասին պետք է իմանանք: Դուք այստեղ շատ ծանոթ, նաև հարազատ անուններ կտեսնեք, եթե բացեք էլեկտրոնային հասցեն:
Ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ։