Yerkir.am-ը գրում է.

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը հարցազրույց է տվել Регнум-ին, որում անդրադարձել է մի շարք հարցերի:

Նա նշել է, որ Հայաստանը 2019-ի հունվարի 1-ից ստանձնել է միությունում նախագահությունը, իսկ նախագահության հիմնական առաջնահերթություններն են` թվայնացումը, միջազգային հարաբերությունների զարգացումը, ԵԱՏՄ շրջանակում օրենսդրության ներդաշնակեցումը, ինչպես նաև ԵԱՏՄ ներքին շուկայում խոչընդոտների վերացումը:

«Միության առաջնահերթ խնդիրը կլինի նավթի, գազի, ֆինանսական ընդհանուր շուկաների  ձևավորումը»,- նշել է Սարգսյանը:

Խոսելով թվայնացումից` նա ասել  է, որ այն ուղղված է ԵԱՏՄ երկրների տնտեսությունների զարգացմանը համատեղ նախագծային աշխատանքի միջոցով` բիզնեսի ակտիվ ներգրավմամբ:

Լրագրողը հետաքրքրվել է ռոումինգի մասին, ինչին Տիգրան Սարգսյանը պատասխանել է. «Ես կարծում եմ, որ պետք է շարժվել դեպի ռոումինգի վերացում, գոնե` այն ընկերությունների ներսում, որոնք աշխատում են ԵԱՏՄ մի քանի երկրների տարածքում: Նույն ՄՏՍ-ն գործում է  է ՀՀ-ում, Բելառուսում և Ռուսաստանում»:

Հարցին` որքանո?վ գազի, նավթի ու նավթամթերքների ընդհանուր շուկաների ստեղծումը կազդի գազի գնի նվազեցման վրա, Սարգսյանն արձագանքել է, որ այդ հարցը պետք է լուծվի արդեն 2019-ին: «Բոլոր երկրները շահագրգռված են, որ տարանցման գինը նվազագույն լինի, և գազի գինը մրցակցային հավասար պայմանների ստեղծման հնարավորություն տա»,- նշել է նա:

Խոսելով եվրասիական բրենդի մասին` Սարգսյանն ասել է, որ իրենց ռազմավարական խնդիրն է ստեղծել և համաշխարհային շուկա հանել այն: «Ներկայումս Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախաձեռնությամբ մշակվում է ոսկերչական ոլորտում կոոպերացիոն նախագիծ: Ոսկերչական ապրանքների արտադրությունը այդ ուղղություններից մեկն է, որոնցում առկա է  կոոպեացիայի և արտաքին շուկաներում եվրասիական ապրանքները առաջ մղելու ներուժ»,- ասել է նա:

Հարցին` ունի՞ երազանք` վերադառնալ որևէ ոլորտ, որտեղ նախկինում աշխատել է, Սարգսյանը պատասխանել է. «Այո, ունեմ երազանք: Լենինգրադում, որտեղ սովորել եմ, կար Հանրային գրադարան և Գիտությունների ակադեմիայի գրադարանը, կցանկանայի այնտեղ հայտնվել: Իսկ, ընդհանրապես, եթե նորից սկսեի, ապա կընդունվեի փիլիսոփայության ֆակուլտետ, ոչ թե տնտեսագիտական, քանի որ 21-րդ դարը մեթոդոլոգիայի դարաշրջան է»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել