Ապրիլի 15-ին regnum.ru կայքում ուշադրությամբ կարդացի Հարավային Կովկասի հիմնախնդիրների գծով փորձագետ Վիկտոր Յաղուբյանի հոդվածը(Մոսկվա)՝ «"Божья помощь", золотой пистолет и "сторожевые ослы" - выборы по-армянски» վերնագրով, ինչն էլ ձեզ եմ խորհուրդ տալիս անել:
Փորձեմ իմ մեկնաբանությունն անել, թե ինչ նպատակ էր հետապնդում նման հոդվածի հայտնվելը ռուսական մի կայքում, որը եթե Կրեմլի անմիջական ենթակայության տակ չի գործում, համենայնդեպս, նրա ինֆորմացիոն բազան մշտապես պարունակում է «մեսիջներ»՝ Կրեմլից համայն աշխարհին: Միաժամանակ նաև նպատակ է հետապնդում մեզ՝ շարքային ընթերցողներիս, ներկայացնել, թե ինչ են մտածում այս կան այն հարցի շուրջ Կրեմլում: Իսկ հոդվածում ջախջախիչ քննադատության են ենթարկված ոչ միայն Գագիկ Ծառուկյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանը, այլև նրանց թիմերի՝ ՀԱԿ-ի ու ԲՀԿ-ի գործընկերությունը: Առաջին հայացքից այս հոդվածն իրոք տարօրինակ է, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԲՀԿ-ն Ռոբերտ Քոչարյանի հովանավորյալ կուսակցությունն է, իսկ վերջնս ջերմ հարաբերություններ ունի ՌԴ ընտրված նախագահ ՎԼ.Պուտինի հետ: Սակայն ամեն ինչ այդքան մակերեսային չէ, որքան թվում է: Գաղտնիք չէ, որ Սերժ Սարգսյանն իր պաշտոնավարման ողջ ընթացքում իրապես վարում է կոմպլեմենտար քաղաքականություն, ի տարբերության այդ քաղաքականությունը մեր քաղաքական օրակարգ մտցրած Վարդան Օսկանյանի ու 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի: Ակնհայտ է նաև, որ Ռոբերտ Քոչարյանի մեծ քաղաքականություն վերադարձի պարագայում Հայաստանը Ռուսաստանի հետ կկապվի ավելի կոշտ կապով, եթե չասենք ավելի կընկղմվի Ռուսաստանի ենթակայության տակ: Չպետք է մոռանալ, որ ռուսական քաղաքական վերնախավը Հայաստանն իր ֆորպոստ համարեց ու այդ մասին հրապարակայնորեն հայտնեց հենց Ռոբերտ Քոչարյանի օրոք: Կարո՞ղ է Ռուսաստանին դուր գալ, որ Սերժ Սարգսյանը Արևմուտքի ու մեծապես նաև ԱՄՆ-ի հետ փորձում է ունենալ բարի դրացիական հարաբերություններ, որ մեր երկրի ապագան համարում է Եվրաընտանիքում մաքսիմալ ինտեգրումը, որ բավական վաղաժամ ու անգամ ժամանակավրեպ է համարում Հայաստանի անդամակցությունը Եվրաասիական միությանը, որի կնքահայրն ինչպես գիտենք, Վլ.Պուտինն է: Եվ ահա փորձեցին Ռոբերտ Քոչարյանի վերադարձի տեսլականով Սերժ Սարգսյանի վրա ճնշում գործադրել, որպեսզի նա հրաժարվի իր արևմտամետ գծից, ու նաև ստիպված լինի իշխանությունը կիսել ակնհայտ ռուսամետ գործիչների հետ: Բայց դե այստեղ էլ Արևմուտքն ու հատկապես ԱՄՆ-ն ջանք ու եռանդ չեն խնայում, որպեսզի ամեն կերպ աջակցեն Սերժ Սարգսյանին, քաջ գիտակցելով, որ նրան գահընկեց անելու դեպքում իրենք էապես կկորցնեն իրենց ազդեցությունը մեր տարածաշրջանում: Չէ որ Իրանի նկատմամբ սպասվող ճնշումների դեպքում, ԱՄՆ-ն պետք է վստահ լինի, որ բոլոր կողմերից իր համախոհ երկրներով շրջափակել է Իրանը: Գաղտնիք չէ նաև, որ Ռուսաստանը կտրականապես դեմ է ԱՄՆ-Իսրայել տանդեմի կողմից Իրանին կետային հարված հասցնելու մտքին: Միևնույն ժամանակ, դեմ է նաև, որ Իրանը միջուկային զենք ունենա, քանի որ մեր տարածաշրջանն ընդհանրապես, իսկ Իրանը մասնավորապես, համարում է իր կենսական շահերի գոտի և դեմ է, որ ԱՄՆ-ն այդպիսի կոշտ միջամտություն ունենա այնտեղ: Միևնույնն ժամանակ դեմ է նաև, որ Իրանը, օգտվելով Ռուսատանի բերեհաճությունից, միջուկային զենք ստեղծի, քանի որ այդ պարագայում դժվար է ասել, թե նրա քթի տակ գտնվող Ռուսատանը դրանից կշահի, թե ավելի շուտ կկորցնի:
Այն, որ Րաֆֆի Հովհաննիսյանի կուսակցությանը միացավ «Ազատ դեմոկրատները», որոնք ակնհայտորեն համարվում են ԱՄՆ-Սերժ Սարգսյան համատեղ պրոյեկտ, ու նաև դրանց միացան հասարակական սեկտորի այն անդամները, որոնք անթաքույց սպասարկում են ոչ միայն Բաղրամյան 26-ի, այլև Արևմուտքի որոշակի շրջանակների շահերը, գալիս է վկալելու այն մասին, որ ՀՀ նախագահը հետևողական է իր Արևմտյան վեկտորի հարցում, ու ոչ մի պարագայում չի պատրաստվում զիջել այն: Չմոռանանք նաև, որ չնայած բազմապիսի քննադատություններին ու Թուրքիայի ոչ կառուցողական դիրքորոշմանը, Սերժ Սարգսյանը ԱԺ-ից հետ չի կանչում հայ-թուրքական արձանագրությունները, դրանով հասկացնել տալով, որ հարգանքով է վերաբերում մեր մեր հարևանի միջև հարաբերություններ հաստատելու ԱՄՆ նախաձեռնությանը: Ստացվում է այնպես, որ որքան ուժեղանում է Կրեմլի կողմից ՀՀ նախագահի վրա ճնշում-շանտաժը, այնքան ավելի լայն թափով են նրանք Հայաստանն ուղարկում Արևմուտքի հյուընկալ գիրկը: Այսինքն ռուսական վերնախավի ծրագիրն ուղղակի չաշխատեց, և նրանք հիմա ստիպված են Սերժ Սարգսյանին ցուց տալ, որ կարիք չկա իրենցից պաշտպանվել Արևմուտքի աջակցությամբ. իրենք մեր հուսալի գործընկերն են ու ամենասերտ դաշնակիցը:
Այնպես որ նրանք, ովքեր շուրթերը կարոտից ճաքած Քոչարյանի վերադարձին են սպասում, պետք է գիտակցեն, որ պաշտոնական Մոսկվան փակել է 2-րդ նախագահի վերադարձի հարցը, իսկ regnum-ի այս հոդվածն ընդամենը տեղեկատվական արտահոսք էր տողատակերը ուշադիր կարդացող հայ հասարակության համար: