Հարց ՀՀ արտաքին գործերի և սփյուռքի նախարարության աշխատակիցներին
Հարգարժան սիրելիներ, երեկ բոլորս հիացած, բերաններս բաց նայեցինք բրազիլական կառնավալի՝ Հայաստանին նվիրված մեկ ժամանանոց, հիասքանչ «Վիվատ Արմենիա» հատվածը:
Բրազիլացիները սամբայի լեզվով ներկայացրել էին Հայաստանի պատմությունը, քրիստոնեության ընդունումը, մեր առասպելները, գրերի ստեղծումը և անգամ մեր գյուղատնտեսությունն ու Հայոց ցեղասպանությունը:
Կատարված էր հսկայական աշխատանք:
Կարվել էին հայկական զարդանախշերով ու մեր խորհրդանիշներով տասնյակ հազարավոր զգեստներ, տարազներ, պատրաստվել էին մաշտաբային դեկորներ: Ամբողջ տարածքում ծածանվում և տարածվում էր մեր եռագույնը...
Ասել կուզեմ, որ բրազիլացիները մեկ օրում չէին ոգևորվել հայերով ու ինչ-որ «շովու» բրնձել:
Ես չեմ կարծում, որ բրազիլացիներն այնքան գաղտնապահ են, որ կառնավալի՝ Հայաստանին նվիրված հատվածի գաղափարը գաղտնի էին պահել: Ես ավեի քան վստահ եմ, որ նման մասշտաբի գործն արվում է մի քանի ամիս շարունակ: Ավելի քան համոզված եմ, որ մեկ տարի առաջ արդեն այնտեղ հաստատված էր «Վիվատ Հայաստան» շոու ծրագրի գաղափարը:
Հարգելի Արտգործնախարարություն, Հայաստանն ունի դիվանագիտական կապեր Բրազիլիայի հետ, մենք Երևանում ունենք Լատինական Ամերիկայի բաժին, ունենք դիվանագետներ, ովքեր անձամբ Բրազիլիայով «տառապելու» համար փող են ստանում։
Ավելի հարգելի Սփյուռքի նախարարություն, Բրազիլիայում մենք ունենք հիանալի հայկական համայնք, դուք էլ ունեք մարդիկ, ովքեր լատինական Ամերիկայի հայերի «դարդերով տապակվելու համար» պետությունից փող են ստանում։
Խնդրում եմ՝ ասեք՝ ի՞նչ քնաբեր դեղի ազդեցության տակ էիք այսքան խորը քնով քնել, որ նման մասշտաբի միջոցառման մասին ոչ միայն ձայն չհանեցիք, այլ վստահ եմ, որ ինքներդ էլ խաբար չէիք…
Տնաշեններ, պատկերացնո՞ւմ եք՝ «Վիվատ Ադրբեջան» լիներ... Ինչե՜ր կաներ Ադրբեջանի կառավարութունը, ի՜նչ մասշտաբի պատվիրակներ ու լրագրողներ կգործուղեր, ի՜նչ փիառ կաներ, ի՜նչ ուղիղ եթերներ ու սինխրոն թարգմանությամբ հեռարձակումներ կիրականացներ…
Լավ, ինչքա՞ն կարան ուրիշները ձեր գործն անեն, իսկ դուք էլ հասարակ մարդկանց հետ կողքից նայեք, ոգևորվեք, ծափ տաք և ուրախանաք…
Մինչև ե՞րբ…
ՀԳ. Գիտե՞ք, թե ինչքան մարդ կուզեր գնալ, տեսնել, հիանալ ու հիմա, տանը նստած, չտեղեկացված լինելու պատճառով ձեզ ա հիշում ու․․․