Նարեկ Մալյանի հետ տեղի ունեցածը բացահայտեց մի քանի արատավոր երևույթ։
Երիտասարդների շրջանում փորձ է արվում տարածել բռնության գաղափարը՝ հերոսի կերպարով ներկայացնելով օրենք խախտած, բռնություն գործադրել փորձած և ուղղակի բարոյական նորմերին հակասող արարք կատարած երիտասարդներին:
Բացահայտվեցին մարդիկ, ովքեր սկսեցին պաշտպանել այդ երիտասարդների քրեորեն պատժելի արարքը և փաստացի ցույց տվեցին, որ կողմ են հարցերին բռնությամբ լուծում տալուն, ավելին՝ կաջակցեն նմաններին:
Հայտնվեցին նաև մարդիկ, ովքեր սկսեցին ծաղրել երիտասարդներին, որ չեն կարողացել հաշվեհարդար տեսնել, իրենք լինեին՝ ավելի վատ արարքներ կանեին, այս կանեին, այն կանեին և այլն: Այս երրորդ տեսակն, ի դեպ, ամենավտանգավորն է, քանի որ փաստացի դրդում է երիտասարդներին բռնություն գործադրել՝ միևնույն ժամանակ այդ արարքից մնալով լրիվ անմասն, ուղղակի կողքից կնայի, ծափ կտա, երբ տեսնի բռնի ուժի կիրառում:
Կարծում եմ՝ բռնություն գործադրած, բռնություն քարոզող, սատարող, բռնի արարքներն արդարացնող, բռնի ուժ կիրառել դրդող յուրաքանչյուր ոք պետք է եթե քրեական պատասխանատվության էլ չենթարկվի, ապա անընդունելի տարր լինի, նույնիսկ եթե այդ մարդը մեզ հարազատ է: Ինչո՞ւ է սա կարևոր։ Էմոցիաների ազդեցության տակ գուցե այդքան չի հասկացվում, թե ինչ վտանգավոր գծի ենք մենք կպնում, գուցե նույն այդ մարդիկ չեն պատկերացնում, որ իրենց այդ հումորային, կիսակատակ ասված կոչերը, աջակցման ստատուսները և այլն ինչ լուրջ և անկառավարելի հետևանքներ կարող են ունենալ…
Հետևաբար կոչ եմ անում դադարեցնել բռնության արդարացման, քարոզի, «թասիբի գցելու» յուրաքանչյուր հրապարակում․ ի վերջո դա քրեորեն պատժելի արարք է, և ես ինքս յուրաքանչյուր նման հրապարակում տեսնելիս սքրին եմ անելու և դիմեմ համապատասխան մարմիններին, նույնը խորհուրդ եմ տալիս ձեզ անել, որպեսզի ինչ-որ մի օր հանկարծ չվախենանք փողոց դուրս գալուց, երեխաներին վախենանք թողնել՝ իջնեն բակ, առհասարակ, սկսենք զինված շրջել մեր հարազատ քաղաքում...
Լրջացեք, ի վերջո, բաներ կան, որ հումորից կարող են ռեալ սպառնալիքի վերածվել, չեմ կարծում, որ ձեր մի քանի լայքն ավելի կարևոր է, քան ձեր երեխաների, ձեր, բոլորիս անվտանգ ապրելը նույն երկրում, նույն քաղաքում...