Այն, որ Ադրբեջանում սպանելու են Ֆահրեդին Աբասովին, արդեն պարզ էր բոլորիս համար, երբ նրան Ռուսաստանից տեղափոխեցին Ադրբեջան ու ամեն օր տարբեր տեսակի նյութերով հաստատում են, որ սպանելու են ոչ միայն իրեն, այլ նրա հարազատներին ու բարեկամներին, բայց այն, որ մարդիկ իրենց համար սցենար են հորինել ու հավատում են դրան ու դա ներկայացնում են ժողովրդին, առավել հետաքրքիր է։
Հիմա սրանք թալիշական շարժման առաջնորդներից Ֆահրեդին Աբասովին ներկայացնում են իբր հայկական հատուկ ծառայությունների հետ աշխատող ազգի դավաճանի։ Ու լուրջ հավատում են, որ մեր հատուկ ծառայությունների գործակալներն այսպիսին են ու հանրային կերպով են կատարում իրենց աշխատանքը։ Դե սրանք գործակալների մասին երևի մի քիչ սխալ պատկերացում ունեն։
Բայց դա հլը դնենք մի կողմ ու հասկանանք՝ ինչում են մեղադրում Աբասովին։ Վերջինս փորձում էր պաշտպանել Ադրբեջանում ապրող թալիշների շահերը, հատկապես զինծառայող երիտասարդների կյանքերը փրկելու համար։ Ու իրականում դա ոչ թե գործակալ լինելու համար էր անում, այլ նրա համար, որ տարիներ շարունակ ադրբեջանական բանակում պարզապես ոչնչացնում են ազգությամբ թալիշ և, ընդհանրապես, այլ ազգության բնակիչների, ովքեր Ադրբեջանի քաղաքացիներ են։
Այս մարդկանց ուղարկում են ամենավտանգավոր վայրերում ծառայության, նրանց օգտագործում են որպես կենդանի թիրախ ու նրանց կյանքի հաշվին պետական մակարդակով քարոզչություն են կատարում։ Սպանված թալիշ զինծառայողների թաղումն անգամ նորմալ չեն կազմակերպում, շատ դեպքերում նույնիսկ երկար ժամանակ ընտանիքից գաղտնի են պահում ու դիակները կորցնում։
Մի խոսքով՝ կոնկրետ ազգի ներկայացուցիչների հանդեպ հանցագործություն են կատարում ու զարմանում են, որ կան մարդիկ, ովքեր կարող են դրան դեմ արտահայտվել։ Դա ունի նաև իր պատճառները, քանի որ թշնամին վախենում է, որ լուրջ ռազմական գործողության սկսելու դեպքում հնարավոր էր, որ թալիշ և այլ ազգի ներկայացուցիչներն անցնեն հայերի կողմը, քանի որ նման քարոզչություն ևս կատարվել է, որ առաջնագծում ծառայող, հատկապես վտանգավոր հատվածներում ծառայություն իրականացնող երիտասարդները ռազմական բախման դեպքում թող հանձնվեն հայկական կողմին, քանի որ այդ կերպ գոնե հավանական է, որ նրանց կյանքը կփրկվի, քանի որ ադրբեջանական բանակն այդ մարդկանց տանում է զուտ սպանելու։
Այս ամենի համար էլ ադրբեջանական կողմը փորձում է վախի մթնոլորտ տարածել, բոլորին ազգի դավաճանության մեջ մեղադրել ու սպառնալ, որ ցանկացած վայրից իրենց բերման կենթարկեն, եթե շարունակեն իրենց պահանջները բարձրաձայնել։