Իսրայելում նոր սկանդալ է հասունանում: Գլխավոր դատախազ Ավիխայ Մանդելբլիթը մտադիր է կոռուպցիայի մեղադրանք ներկայացնել վարչապետ Բենյամին Նեթանյահուին: Հետաքննությունը վերաբերում է բիզնեսմեններից թանկարժեք նվերներ ստանալու կասկածանքին ու երկրի ամենամեծ հեռահաղորդակցության ընկերության շահերի լոբբինգին: Նեթանյահուն հերքում է բոլոր մեղադրանքները: Վարչապետի «Լիքուդ»-ը հայտարարել է «քաղաքական հետապնդման մասին՝ պնդելով, որ սա ապրիլին կայանալիք ընտրություններին ընդառաջ կոնկրետ քաղաքական միջամտություն է:
Իսրայելի ոստիկանությունը հետաքննել է վարչապետի նկատմամբ «1000»-ի գործը, հետո` «2000»-ի ու «4000»-ի: «2000»-ի գործում Նեթանյահուի բանակցություններն են «Եդիոտ Ախրոնոտ» մեդիաընկերության տնօրենի հետ` կառավարության գործունեության բարյացկամ լուսաբանման համար օրենսդրական արտոնությունների դիմաց: «4000»-ի գործը հետաքննում է «Բեզեք» հեռահաղորդակցական խմբի շահերի լոբբինգը` Նեթանյահուի գործունեության բարյացկամ լուսաբանման համար խմբին պատկանող Walla ինտերնետ ռեսուրսով:
Հարցումների տվյալներով` «Լիքուդը» և ընդդիմադիր «Կապույտ-սպիտակ» կուսակցությունը համարյա նույն աջակցությունն ունեն: Կոռուպցիայի մեղադրանքները կարող են իրավիճակը փոխել ի վնաս Նեթանյահուի:
Վարչապետը ընտրություններում արդեն հաղթել է չորս անգամ, և եթե նրան հաջողվի վարչապետ մնալ մինչև 2019-ի մայիսի 31-ը, նա կգերազանցի Իսրայելի պետության հիմնադիր, առաջին վարչապետ Դավիթ բեն Հուրիոնին: Եթե Նեթանյահուի դեմ մեղադրանք հարուցեն, նա կդառնա Իսրայելի պատմության առաջին վարչապետը, որ բախվել է քրեական հետապնդման:
Ակնհայտ է՝ այստեղ աշխատում են նորին մեծություն քաղաքականության խաղի կանոնները: