Յուրաքանչյուր մշակութային օջախ իր ժամանակի ծնունդն է, բայց դա չի նշանակում, որ այս կամ այն թատրոնը կամ, օրինակ, թանգարանը միայն այդ սերնդի համար է: Երևանի կամերային թատրոնն իմ սերնդակից երևանցիների «Տագանկան», «Современник»-ն ու «Ленком»-ն էր, Երգի թատրոնն ու Համազգայինը` 90-ականների սերնդի քիչ լուսավոր վայրերից երկուսը, որտեղ ներկայացումներն անցնում էին մոմի լույսի տակ, բայց լեփ-լեցուն դահլիճներում: Ասում են, որ Դրամատիկական թատրոնը եղել է 60-ականների սերնդի նոր շունչը:
Ի դեպ, յուրաքանչյուր թատրոն կամ մշակութային այլ օջախ ունենում է վերելքի և վայրէջքի տարիներ: Դա շատ գործոններից է կախված` ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ: Կարելի է մտածել կամ խնդիր դնել, թե ինչպես այս կամ այն մշակույթի օջախը դարձնել ավելի հետաքրքիր տվյալ սերնդի համար և ժամանակակից պահանջներին համապատասխան: Բայց մշակութային օջախը ոչ օֆիս է, ոչ էլ «ԵրԱԶ» արտադրող գործարան, որ փակես ու տեղը բնակելի շենք կառուցես:
ՄԻ ԱՐԵՔ ԱՅԴՊԻՍԻ ԲԱՆԵՐ․ ԾԻԾԱՂԱՏԵՂԻ ԵՔ ԴԱՌՆՈՒՄ: