Ակնհայտ է, որ ռուսական ռազմական բազայի ներկայության դեմ իրականացվող ակցիաները Հայաստանում լայն հանրային աջակցություն չունեն: Փետրվարի 28-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց «Ժողովրդի ձայնը» հասարակական ակումբի փորձագետ Արման Ղուկասյանը:
Նրա խոսքով՝ ռուսական ռազմական ուժերի մասնակցությամբ յուրաքանչյուր կենցաղային գործ ակտիվորեն քաղաքականացվել է եւ լրատվական հարձակումների համար առիթ դարձել: «Այնուամենայնիվ, այս կերպ առաջացող բացասական տեղեկատվական ֆոնը կարող է ի վերջո տապալել ռուս-հայկական հարաբերությունների դեռ ամուր հիմքերը, որոնք բացառապես փոխշահավետ բնույթ են կրում»,- նշեց փորձագետը:
Ղուկասյանը ներկայացրեց նաեւ «Ժողովրդի ձայնը» ակումբի փորձագետների սոցիոլոգիական հարցման արդյունքները, որոնք իրականացվել են Երեւանում եւ Գյումրիում՝ 1200 հարցվածների շրջանում:
Հարցին, թե ինչպես Հայաստանը պետք է ապահովի իր անվտանգությունը, հարցվածների 61 տոկոսը պատասխանել է, որ Ռուսաստանը Երեւանի գլխավոր ռազմաքաղաքական դաշնակիցն է եւ պետք է շարունակի մնալ:
13 տոկոսը կարծում է, որ Հայաստանի անվտանգությունը պետք է ապահովվի ՆԱՏՕ-ի եւ Եվրամիության կողմից, իսկ հարցվածների 26 տոկոսը նշել է, որ միայն Հայաստանը կարող է պաշտպանել ինքն իրեն:
Իր հերթին «Ժողովրդի ձայնը» ակումբի մեկ այլ փորձագետ՝ Ծովինար Կոստանյանը նշեց, որ հարցվածներին նաեւ հարցրել են, թե ինչ դեր է խաղում Գյումրիի 102-րդ ռուսական ռազմակայանի ներկայությունը:
Հարցվածների 65 տոկոսը նշել է, որ բազան ապահովում է Հայաստանի անվտանգությունը եւ ապահովում է տարածաշրջանի կայունությունը, 9 տոկոսը նշել է, որ բազան բացասաբար է անդրադառնում Հայաստանի ինքնիշխանությանն ու ազգային շահերին, իսկ 26 տոկոսը կարծում է, որ այն որեւէ դեր չի կատարում: