Ատում եմ տնային այցերը, բայց այդ մեկը չէի կարող չգնալ։
Այն ժամանակներն էին, երբ մի ոտքս մարզերում էր բուժօգնության շտապում, մյուսը՝ Երևան։ Ու մենք՝ այդպիսի «շպագատ» իջնողներով, մի մեծ ընկերական ընտանիք էինք։
Մեքենայիս բեռնախցիկում կար թե՛ սոնոգրաֆիայի շարժական ապարատ, թե՛ գաստրոսկոպիայի ապարատ, թե տարբեր բիքսերով տարբեր բժշկական գործիքներ ու նյութեր։ Մի խոսքով՝ բեռանխցիկիս պարունակության արժեքը մի քանի անգամ գերազանցում էր մեքենայիս արժեքը։ Գիժ ժամանակներ էին։
Դիմեցին մի հիվանդի համար՝ մոտ 65 տարեկան, ով տանը մահամերձ պառկած էր կրծքագեղձի քաղցկեղ ախտորոշումով։ Ախտորոշվել էր մեկուկես տարի առաջ, հրաժարվել էր բուժումից՝ մտածելով, որ, մեկ է, հարցին լուծում չկա, ավելի լավ է առանց այս ու այն կողմ ընկնելու, առանց չարչարանքի, թեև բժիշկները հավաստիացրել էին, որ ամեն բան լավ կլինի։ Հարազատները գիտեին, որ ձեռքիս տակ սոնոգրաֆիայի ապարատ կա, ու խնդրեցին այցելել ու հետազոտել մահամերձ հիվանդին։
Հասկանում էի, որ ոչինչ չեմ կարող փոխել, նյարդայնանում էի, որ ընդամենը հարազատներին մխիթարելու համար հոգնատանջ աշխատանքային օրվա ավարտին մի հատ էլ պիտի գնամ ու հոգեբանական էդ դժոխային միջավայրում բուժօգնություն բեմականացնեմ, ինչ է, թե անելու այլ բան չի մնացել։
Ատում եմ տնային այցերը, բայց այս մեկը չէի կարող չգնալ։
Հիվանդը պառկած էր նիհարած, մի կողմի վրա թեքված գիշերանոցով, աչքերը կիսաբաց, կարծես անգիտակից։ Նիհարած էր։
Ինձ զգալով աչքերը բացեց։
Մինչ ես ապարատն էի տեղադրում ու միացնում, հարազատներն օգնեցին հիվանդին հանել գիշերանոցը։ Թույլ էր շատ։
Ինձ մոտ էդ գրողի տարած բեմականացումը լավ չի ստացվում։ Ուլտրաձայնային ընդունիչը հենց սեղմում եմ հիվանդի մարմնին, ուշադրությունս, ինձանից անկախ, սկսում է «զրոյից» ուսումնասիրել։ Ու հիմա անութային փոսերից անցնում եմ կրծքագեղձերի, ու քիչ է մնում՝ չհավատամ աչքերիս։
Քաղցկեղ չկա։ Չկա ոչ մի ուռուցքային գոյացություն։
Հարազատները, շունչները պահած, խոսքիս են սպասում։
- Ո՞ւր են նախկինում արված հետազոտությունները։
Հարազատները բերում են բժշկական փաստաթղթերով լիքը մի տոպրակ։
Ուսումնասիրում եմ։ Ահա ուռուցքի ռադիոլոգիական գրավոր նկարագրությունը, ահա բիոպսիան, ահա հյուսվածքաբանական հաստատումը, ահա վիրաբույժի ցուցումը, որ պետք է վիրահատել։
Ուռուցքային ախտահարումն ամբողջությամբ տարածվել է բժշկական փաստաթղթերի վրա թանաքի ու բառերի տեսքով, բայց թղթերից այն կողմ չի անցել։
Կրկին նայում եմ հիվանդին ավելի ուշադիր ու հանգամանալից, հատկապես այն տեղամասերը, որոնցում տարիուկես առաջ նկարագրել են քաղցկեղի տեղակայումը։
Չկա ու չկա։
Սկսում եմ նայել պարանոցը, որովայնը, կոնքը։ Ամեն բան կարգին է։ Ոչ մի տեղ չկա ուռուցքային ախտահարում։
Սկսում եմ վերլուծել եղածը, անցածը, ներկան ու ինքս ինձ գալիս այն եզրակացության, որ տարիուկես առաջ դիտմամբ թե պատահմամբ սխալ ախտորոշում է եղել, հիվանդը իմացել է, ընկճվել, եկել տուն, հրաժարվել սննդից ու դեպրեսիայով համակված սպասել իր մահվանը՝ կամաց-կամաց հյուծվելով, մաշվելով, սպառվելով։
Այս ամենը ներկացրի հարազատներին։
Հիվանդին շտապ տեղափոխեցին մոտակա հիվանդանոց, որտեղ՝ վերակենդանացման բաժնում, առավոտյան նա մահացավ։
Գրեթե համոզված եմ, որ մահն այդպես էլ չի ախտորոշվել որպես սովամահ։ Գրեթե համոզված եմ, որ թղթերի վրա թանաքով ու բառերով մի խելացի ախտաբանական պրոցես էնտեղ արձանագրվել է, որն ընկճախտով համակված հիվանդի հետ կապ ունի այնքան, որքան կրծքագեղձի քաղցկեղը։
Ու այս պատմությունը և էլի լիքը պատմություններ սրա նման ես ամեն օր քարշ եմ տալիս հետս, դրանք շալակս առած նստում հիվանդի կողքին ու սկսում հերթական հետազոտությունը, դրանք ատամներիս տակ սեղմած կարդում ամենատարբեր լաբորատորիաներում ու դիագնոստիկ կենտրոններում տրամադրված գրավոր պատասխանները, ու չեմ մոռանում, որ դրանք ընդամենը թանաք ու բառեր են, թանաք ու բառեր, թանաք ու բառեր՝ հեկտարներ կազմող ձևաթղթերում։