Armtimes.com-ը գրում է.

Շատ հարցերի մասին ենք խոսել, պատասխանել եմ 15-16 պատգամավորների հարցերի, բայց եւս 15-16 պատգամավորներ գրանցված են, քննարկումը շարունակելու ենք մարտի 19-ին, որովհետեւ ոլորտը մեծ է, հարցերը շատ են, շահառուների թիվը մեծ է։ Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, որը խորհրդարանական «Իմ քայլը» խմբակցությունում այսօր հրավիրված էր քննարկման։

«Խոսել ենք ծրագրերից, չափորոշիչներից, վերապատրաստումներից, տնօրենների ընտրության կարգից, ավագ դպրոցից, ներառական կրությունից եւ այլն»,-նշեց նախարարը։ 

Անդրադառնալով Երեւանի պետական համալսարանում տիրող լարված իրավիճակին եւ այն խոսակցություններին, թե ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամների վրա որոշակի ճնշում կա, Հարությունյանն ասաց, որ ինքը մեկ տոկոսանոց ապացույց անգամ չգիտի, որ որեւէ ճնշում է եղել՝ հավելելով․

«Որ օրը ոստիկանական կամ ԱԱԾ-ական ճնշում լինի բուհի հոգաբարձուների խորհրդի որեւէ անդամի վրա, էդ օրը ես հրաժարական կտամ»։

Վաղը ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը նիստ է անելու, որի ժամանակ քննարկելու է ԵՊՀ ռեկտորին անվստահություն հայտնելու հարցը։ ԿԳ նախարարն ասաց, որ ինքն այսօր մեկնաբանություն չի անի, որ չստացվի այնպես, թե նախարարի կողմից ազդեցություն կա խորհրդի վրա։

Անդրադառնալով համալսարանում Պետական վերահսկողական ծառայության իրականացրած ստուգումների արդյունքներին՝ Արայիկ Հարությունյանն ասաց, որ գուցե նախորդ իշխանությունից հետո անհավանական է թվում, բայց ինքը որպես ԿԳ նախարար 0 ինֆորմացիա ունի, թե ՊՎԾ-ն կամ մյուս մարմինները ինչ ուսումնասիրություններ են արել, քանի դեռ փաստաթուղթը կնիքով չի դրվել իմ իր սեղանին։ Նախարարն ասաց, որ դա իր համար սկզբունք է։

Ռեկտոր Արամ Սիմոնյանը վերջին շրջանում բազմիցս հայտարարել է, որ իր վրա քաղաքական ճնշում է իրականացվում, քանի որ ինքը ՀՀԿ անդամ է։ Արայիկ Հարությունյանն ասաց, որ բացառվում է քաղաքական ճնշումը․

«Մինչեւ հիմա Արամ Սիմոնյանի հետ եղել են բացառապես գործընկերային հարաբերություններ։ Ինքն է փորձում քաղաքականցնել՝ իր գործընկերներին էլ ներքաշելով էս ամենի մեջ։ Արամ Սիմոնյանի եւ մյուս բոլոր ռեկտորների հանդեպ հավասար եւ արդար վերաբերմունք եմ ունեցել եւ ունենալու եմ, որեւէ խտրական վերաբերմունք չի կարող լինել»։

Թե ում է տեսնում ռեկտորի պաշտոնում, ԿԳ նախարարն ասաց, որ բուհի խորհուրդը կորոշի՝ ում է տեսնում։

Նախորդ օրը ԵՊՀ դիմաց իրականացրած բողոքի ակցիայի մասին էլ նախարարն ասաց, որ՝ նախկինում հիշում ենք՝ ինչ զորքեր էին իջեցնում ակցիաների ժամանակ, իսկ հիմա մարդիկ իրավունք ունեն նման ակցիաներ անելու։

«Օրենքի եւ իրավունքի սահմաններում բոլորը կարող են անել գործողություններ, եւ այս կառավարությունը հարգում է այդ իրավունքները»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել