Politeconomy.org-ը գրում է.

2008 թվականի մարտի 1-ին տեղի ունեցածի հետ կապված կան բազմաթիվ հարցեր, բայց, մյուս կողմից էլ, գրեթե ամեն ինչ պարզ է:

Հարցերը կապված են իրավական գործընթացի հետ՝ ի՞նչ հանգամանքներում տեղի ունեցան սպանությունները, ովքե՞ր էին կրակողները, ինչո՞ւ մինչև հիմա որևէ քայլ չի արվել սպանության գործերը բացահայտելու ուղղությամբ:

Քաղաքական առումով ճիշտ հակառակ պատկերն է: Ամեն ինչ գրեթե պարզ է: Կար ընտրական գործընթաց, կար հանրության մի հատված, որը դժգոհ էր ընտրությունների արդյունքներից, կար ընդդիմություն, որը ցնցումների էր տանում հետընտրական զարգացումները, կար իշխանական բուրգ, որը, հակառակ ընդդիմութան ջանքերին, չէր փլուզվում …

Ո՞վ էր մեղավոր, և ո՞ւմ էր դա ձեռնտու

«Մարտի 1»-ի հետ կապված դասական դարձած «ո՞վ էր մեղավոր, և ո՞ւմ էր դա ձեռնտու»հարցադրումը բազմաթիվ պատասխաններ ունի: Մեզ, սակայն, պետք է բուն պատճառները հետաքրքրեն:

Պատճառներն այդ խորքային են ու կապված լեգիտիմության ճգնաժամի հետ: Խոսքս սեփականության (լայն իմաստով) լեգիտիմության ճգնաժամի մասին է:

Սեփականության լեգիտիմության ճգնաժամն է քաղաքական լեգիտիմության ճգնաժամը ծնող գլխավոր պատճառը: Սեփականության լեգիտիմությունը բերեց ընտրական համակարգի այլասերման: Այլասերված ընտրական համակարգն էլ պարտության տարավ ՀՀ քաղաքացուն:

Ամեն ինչ սկսվեց 1995-ից ու շարունակվում է մինչև օրս: 2008-ի մարտի 1-ը, հետևաբար, չի կարելի առանձնացնել հետանկախական շրջանի նախագահական ու ԱԺ ընտրությունների շղթայից, չի կարելի նշանակել մեղավորներ և համարել, որ հարցը լուծված է:

Չլիներ 1995-ը և հատկապես 1996-ը, չէին լինի 1998-ի իշխանափոխությունը, 1999-ի հոկտեմբերի 27-ը, 2003-ի համապետական ընտրությունների արդյունքները, 2007-ի խորհրդարանական մենաշնորհը, 2008-ի մարտի 1-ը, 2012-ի ԱԺ պատկերը, 2013-ի նախագահական «աղոթքը», 2017-ի դրժումը և 2018-ի մերժումը:

Հանցավորության կանխավարկածը և նշանակովի մեղավորները

Հայաստանի նորագույն պատմությունը դարձել է «Մարտի 1»-երի շղթա, որի արանքում է  հայտնվել Հայաստանը: Այդ շղթայի տարբեր հատվածներում հերոսներն ու հակահերոսները պարբերաբար փոխվում են տեղերով: Գործում է «Ես իշխանություն եմ, ուրեմն հակառակ կողմն է մեղավոր» բանաձևը:

1996-ի նախագահական ընտրությունների ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանը չարիք էր հռչակված ընդդիմության ու հանրության մի մեծ մասի կողմից, և 1998-ին նա հեռացվեց: Վազգեն Սարգսյաննընդամենը հանրային պահանջն էր բավարարում իրեն հասանելի մեթոդներով:

2008-ին Տեր-Պետրոսյանը տականք էր համարում նրանց, ովքեր չեն միանում հրապարակին:

Մարտի 1-ի ողբերգական դեպքերից հետո սկսվեց մեղավորների նշանակման գործընթացը: Սկզբում քավության նոխազ նշանակվեց Նիկոլ Փաշինյանը, իսկ մեղավոր՝ Սերժ Սարգսյանը: Հետո քարոզչագործիքներով մեղավոր նշանակվեց Ռոբերտ Քոչարյանը:

Հիմա ՀՀ 2–րդ նախագահին արդեն ոչ թե վիրտուալ, այլ իրական մեղավոր են նշանակել՝ զանգովի արդարադատության օգնությամբ:

Կարելի է չկասկածել, որ վաղը կարող է ամեն ինչ շրջվել 180 աստիճանով, ու Նիկոլ Փաշինյանը կարող է հայտնվել ազատության հակառակ կողմում:

Այս արատավոր շրջանն, այդպիսով, չի ավարտվի, իսկ Հայաստանը կշարունակի մնալ «Մարտի 1»-երի գերության մեջ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել