Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության առաջին տարիների և Նիկոլ Փաշինյանի վարչապետության առաջին ամիսների զուգահեռներն այնքան էլ հիմնազուրկ չեն։ Երկուսն էլ իշխանության եկան ժողովրդի կամարատահայտությամբ, երկուսն էլ ունեին/ունի ժողովրդականության մեծ պաշար և երկուսն էլ իշխանության եկան փողոցից՝ չժառանգեցին նախորդից և սկսեցին գործել առանց պարտավորությունների։

Սակայն և՛ Լևոն Տեր-Պետրոսյանը, և՛ Նիկոլ Փաշինյանը կատարում են նույն սխալը։ Ժամանակին Տեր-Պետրոսյանը ոչնչացրեց խորհրդային նոմենկլատուրան, որի նկատմամբ ուներ բացահայտ քամահրանք և թշնամանք։ Հիմա Նիկոլ Փաշինյանը ոչնչացնում է բյուրոկրատիան՝ պետական չինովնիկների դասը՝ նրանց համարելով հետադիմական ու կոռումպացված, ինչի մասին, ի դեպ, վարչապետը հայտարարեց բացեիբաց, կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ։

Առաջին հայացքից թվում է՝ շատ օգտակար ու կարևոր գործ է, չէ՞ որ նախորդ իշխանության ժամանակ աշխատածները ոչ մի արժեքային համակարգով կապված չեն նոր իշխանության հետ։ Ավելին՝ նրանք բացահայտ կամ լուռ դիմադրության մեջ են այն բարեփոխումների հետ, որ ցանկանում են անել հեղափոխականները։

Իրականում, սակայն, ինչպես Տեր-Պետրոսյանի, այնպես էլ Փաշինյանի դեպքում սա ամենաֆունդամենտալ սխալն է։ Խորհրդային նոմենկլատուրան, որից ՀՀՇ-ն ազատվեց դաժանորեն, ցինիկաբար և առանց խնայելու, ձևավորվել էր ավելի քան 70 տարվա ընթացքում։ Այո, այն հարստացել էր ու պարազիտացել, բայց դրա հետ մեկտեղ այն նաև կառավարման ու միջազգային կապերի ամենամեծ փորձն ունեցողն էր։ Նրանց հեռացումով պետական ապարատն ամեն ինչ սկսեց նոր էջից՝ գործելով սխալներ, ընդունելով հաճախ ճակատագրական որոշումներ, ծիծաղի առարկա դառնալով միջազգային հանդիպումներում։ Պահանջվեց ավելի քան 10 տարի քիչ թե շատ պետական համակարգի զգացողությամբ կադրեր պատրաստելու համար։

Նույնը հիմա անում է Նիկոլ Փաշինյանը։ Նա անթաքույց հակակրանք ունի պետական ծառայողների նկատմամբ, որոնց համարում է ուղղակի «մեծ բալաստ» պետբյուջեի հաշվին։ Ու նաև այդ պատճառով է, որ օպտիմալացման շնորհիվ փորձում են աստիճանաբար նրանցից ձերբազատվել։ Բայց գլխավոր հարցը՝ ումո՞վ փոխարինել։ Չէ՞ որ ինչ-որ մեկը պետք է նախարարություններում որոշման նախագիծ գրի, դրանք ենթաօրենսդրական ակտերի վերածի, գործողությունների ծրագիր կազմի։

Ակնհայտ է, որ Փաշինյանը, մերժելով հին ապարատչիկներին, նորերով նրանց չի փոխարինում, այլ փակում է այդ ինստիտուտը։ Բայց այդպես պետությունը չի կարող կենսագործել։Պետական ծառայողների շերտն ամենակարևոր սոցիալական խավն է՝ անկախ նրանից, թե ինչպես ես նրանց վերաբերվում։ Ու ոչնչացնելով այդ խավը՝ դու կտրում ես այն ճյուղը, որի վրա նստած ես։

Ի դեպ, և՛ նոմենկլատուրան, և՛ բյուրակրատիան կոմֆորմիստ-պրոֆեսիոնալներ են, և եթե ժամանակին Տեր–Պետրոսյանն իրեն շրջապատեր ոչ միայն ՀՀՇ-ի տղերքով, այլ նաև նրանցով, շատ հնարավոր է, որ 96-ին ստիպված չլիներ հրաժարական տալ, քանի որ նույն Ազգային անվտանգության խորհրդում իր քաղաքական կուրսի գոնե մեկ կամ երկու համախոհ կունենար։

Նույնը՝ հիմա. Փաշինյանի կառավարությունում բոլորը որոշում և բարեփոխումներ ընդունողներ են, ոչ իրականացնողներ։ Իսկ իրականացնողները նրանք են, որոնց այսօրվա իշխանավորներն ուղղակի արհամարհում են։ Թող արհամարհեն, ու երբ գա ժամանակը, ապա նրանց անգործության խորքային պրոբլեմների մասին առաջինը կբարձրաձայնեն նրանք, ում այսօր հեռացրել են կամ կհեռացնեն մի քանի ամսից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել