Սուրբ և փառավորյալ քառասուն վկաների անուններն են` Դոմետիանոս, Կյուրղիոս, Վաղես, Եվտիդես, Հյուսիքոս, Նոյիկոս, Ելիանոս, Փլավիոս, Սպառագդոս, Քսանթիոս, Սիսիանոս, Ղևոնտիոս, Մելիտոն, Սևերիանոս, Փիլիկտիմոն, Անկեաս, Իրակլիաս, Եկդիաս, Կիպփոն, Ավետիս, Աղեքսանդրոս, Ակակիոս, Վաղերիոս, Նիկողայոս, Եվտիգես, Բիբիանոս, Հովհաննես, Քուդիմոս, Լուսիմաքոս, Գայիոս, Ագղիոս, Իլիոգոս, Գոմնիոս, Աթանասիոս, Պրիսկոս, Կանդիտոս, Սակերդոն, Գորգիանոս, Ադղավիդոս, Գրատիանոս, Թեոդուլոս, Թեոփիլոս:
Նրանք Կապադովկիայից էին: Եվ Լիկիանոս անօրեն արքայի գնդերից մեկում զորական էին կարգված: Հավատով քրիստոնյաներ էին: Այդ պատճառով անօրեն դատավորը նրանց բռնադատում էր ուրանալ Քրիստոսին, զոհ մատուցել կուռքերին և հեռանալ Քրիստոսի սիրուց: Եվ բազում ողոքումներից ու սպառնալիքներից հետո սրբերին նետեցին բանտ, որտեղ երևաց Քրիստոս ու քաջալերեց նրանց: Ութ օր հետո եկավ Կեսարիայի դուքսը և դատավորի հետ միասին ատյանի նստեց: Սրբերին տանելով կանգնեցրին նրանց առաջ ու հարցրին Քրիստոսի հավատքի մասին: Եվ նրանք միաբերան դավանեցին Քրիստոսին Աստված ու հանդիմանեցին կռապաշտների անաստված մոլորությունը: Իսկ դուքսը հրամայեց քարերով հարվածել սրբերի բերաններին: Բայց քարերը նրանց չէին դիպչում, այլ ետ գալով` նետողներին էին հարվածում: Իսկ դուքսը ավելի մեծ քար էր ցանկանում նետել, բայց տալով ջարդեց դատավորի երեսը:
Եվ նորից բանտարկեցին նրանց: Իսկ գիշերը, երբ աղոթում էին սրբերը, երևաց նրանց Փրկիչն ու ասաց. «Ով հավատա Ինձ, թեպետև մեռնի` կապրի: Զորացե՛ք և մի՛ երկնչեք նրանց չարչարանքներից, քանզի դրանք ժամանակավոր են: Սակավ համբերե՛ք և կընդունեք երկնավոր պսակը»: Եվ նրանք խոնարհվելով երկրպագում էին Քրիստոսին, գոհանալով փառք մատուցում Նրան: Իսկ Տեր Քրիստոս, քաջալերելով նրանց, վերացավ երկինք:
Եվ հաջորդ օրը նորից սրբերին կանգնեցրին դատավորի առաջ` ստիպելով ուրանալ Քրիստոսին: Իսկ մանուկներն ասացին. «Ինչ որ անելու եք, շտապ արե՛ք, քանզի մենք Քրիստոսին չենք ուրանա ու ձեր կուռքերին զոհ չենք մատուցի»: Իսկ նրանք բարկանալով սրբերի ձեռքերը պարանոցներին կապեցին և մերկացրած տարան, նետեցին քաղաքի մոտ գտնվող լիճը: Իսկ սրբերը քաջալերում էին միմյանց և ասում. «Պի՛նդ կացեք, եղբայրնե՛ր, քանզի նրանք երեքով են մարտնչում մեր դեմ` սատանա’ն, դու’քսը և դատավո’րը: Մենք` քառասունս, Քրիստոսի օգնականությամբ կհաղթե՛նք նրանց»:
Այսպես լճի մեջ օրհնում էին Աստծուն: Ու օդի խստությունից սառեց ջուրը, և սառույցները պատռեցին սրբերի մարմինները: Գիշերվա առաջին պահից մինչև առավոտ հեղվեց նրանց արյունը, բայց սրրբերը աղոթելուց և Աստծուն փառաբանելուց չէին դադարում: Նրանցից մեկը չկարողացավ դիմանալ սաստիկ ցրտին և լճից ելավ ու մտավ բաղնիքը, որը նրանց գայթակղելու համար լճի եզրին պատրաստել ու ջեռուցել էին անօրենները: Եվ որոշ ժամանակ անց նա բաղնիքի ջերմությունից հալվեց:
Գիշերվա երրորդ պահին արևը, ինչպես ամռանը, ծագեց սրբերի վրա: Եվ ջերմությունից հալվեցին ջրերի սառույցները: Եվ զորականները հսկում էին, որ սրբերից ոչ ոք լճից չփախչի. նրանցից մեկն արթուն էր և նկատելով լույսը` ցանկացավ տեսնել, թե որտեղից է սուրբ լույսը ծագում: Նա տեսավ 39 պսակներ, որոնք իջնում էին սուրբ մարտիրոսների վրա: Եվ հասկացավ, որ դեպի բաղնիք փախչող 40-րդը զրկվեց պսակից: Եվ ձայն տալով ընկերներին` արթնացրեց նրանց, իսկ ինքը մերկացած վազեց դեպի լճի մեջ գտնվող սրբերը` աղաղակելով . «Ե՛ս էլ եմ քրիստոնյա»:
Եվ լուսադեմին նրանց մարմինները ափ հանեցին և հաստ բրերով ջարդեցին բոլորի ոսկորները և խորտակեցին/…/: Եվ դրանից հետո վերջնականապես բարի հավատով սրբերն իրենց հոգիներն առ Աստված ավանդեցին:
Բայց նրանց մեջ Մելիտոն անունով մի պատանի դեռևս կենդանի էր: Նրան հսկողները հավաստիացնում էին նրան, որ կդարմանեն նրա վերքերը, իսկ Մելիտոնի մայրը մոտենալով աղաչում ու խրատում էր որդուն` ասելով. «Քաղցրի՜կ որդյակ իմ, մի փոքր համբերիր և կմիանաս սրբերին: Զորացի՛ր, որդյակ իմ, և մի՛ երկնչիր, քանզի ահա Քրիստոսը հասնում է քեզ օգնության»:
Բոլոր սրբերի մարմինները դրեցին մի սայլի վրա և տարան այրելու, բացի Մելիտոնից: Բայց Մելիտոնի մայրը, մոռացած կանացի տկարությունը, վերցրեց որդուն իր ուսերին և վազեց սայլի հետևից: Եվ մինչդեռ մոր ուսերին էր` սուրբն ուրախությամբ ավանդեց իր հոգին առ Ատված: Մայրը որդու մարմինը տարավ և դրեց սրբերի կողքին:
Մարմինները տարան Ալիս գետի մոտ և այրեցին, իսկ մնացած ոսկորները մոխրի հետ գետը լցրին: Բայց նրանց նշխարները ցրիվ չեկան, այլ հավաքվեցին մեկտեղ: Եվ երեք օրից հետո գիշերով սուրբ վկաները տեսիլքով հայտնվեցին Սեբաստիայի եպիսկոպոսին և հայտնեցին իրենց ոսկորների տեղն` ասելով. «Եկ և հանիր մեզ այնտեղից»:
Եվ եպիսկոպոսը եկեղեցու ուխտի միաբանների հետ գիշերով գաղտնի գնաց գետափ: Նրանք տեսան, որ սրբերի ոսկրերի նշխարները ջրի մեջ փայլում էին որպես աստղեր: Եվ թե գետի տղմի և ջրիմուռների մեջ որտեղ էին խրվել դրանք, կարելի էր գլխի ընկնել լույսի ճաճանչներից: Միաբանները, որոնք Սեբաստիայի ավագների որդիներն էին` զինվորագրված մի գնդում, թվով 100 հոգի, մեծ փափագով դրանք հավաքեցին տապանի մեջ և մեծ պատվով տարան, ամփոփեցին եկեղեցում: Եվ ուխտ արած` որոշեցին միասին մարտիրոսվել և վկայել Քրիստոսի մասին: Կանգնելով բռնավորի առաջ` նրանք հայտնեցին իրենց հավատքը: Նրանց աղոթքի մեջ առաջնորդում էր սուրբ Կյուրոնը, իսկ բռնավորին պատասխանելիս` սուրբ Կանդիտոսը, որ իր ընկերներին ասում էր. «Պինդ կացեք, եղբայրներ, որովհետև երեքն են մեր դեմ մարտնչում`սատանան, դուքսը և դատավորը, և քանի որ մենք խնդրում ենք, դուք կհաղթեք նրանց»:
Այսպիսի նահատակությամբ միաբանված` նրանք մարտիրոսվեցին Կոստանդիանոս Մեծի փեսա Լիկիանոս պիղծ թագավորի օրոք, մարտ ամսին: Նրա օրոք էլ քառասուն մանուկների վրա կառուցվեց վայելուչ եկեղեցի` ի փառս մեր Քրիստոս Աստծո: Թող Աստված պահպանի ստացողի հոգին քառասուն հաղթող նահատակների բարեխոսությամբ:
Նյութի աղբյուր՝ http://ter-hambardzum.net/archives/3262
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել