Այս շրջանում որքան էլ մեզ փորձեն համոզել, որ հայ-ադրբեջանական խնդրի լուծումը տարածքներ հանձնելով կլուծվի, միևնույն է, նույնիսկ Ադրբեջանը չի հավատում այդ տարբերակի իրականացմանը: Դա է պատճառը, որ ամեն գնով ադրբեջանական կողմն ամրացնում է Նախիջևանը, որպեսզի Արցախում հաջողության չհասնելու դեպքում օգտագործի «Պլան Բ»-ն:
Դա է պատճառը, որ դեռ անցած տարվանից Բաքվից Նախիջևան էին տեղափոխվում ադրբեջանական զորքերը, որպեսզի փորձի փոխանակում իրականացնեն Նախիջևանի զորքի հետ: Դրան գումարած՝ թուրքական բանակի հետ զորավարաժություններին ադրբեջանական կողմից մասնակցում է հենց Նախիջևանի զորքը:
Որքան էլ ադրբեջանական կողմը փորձի շահարկել Նախիջևանից Երևանին հարվածելու իր հնարավորությունը, միևնույն է, քիչ է հավանական, որ Ադրբեջանը կգնա այդ քայլին, քանի որ շատ լավ գիտի, որ Բաքվի մի շարք կարևոր նշանակության օբյեկտներ և ոչ միայն Բաքվում, գտնվում են հայկական բանակի թիրախում:
Միակ հույսն այն է, որ հայկական կողմն այն ուժով չի հարվածի Նախիջևանին, ինչպես դա կանի Արցախի հատվածում, քանի որ դիմացը, բացի Նախիջևանի բանակից, կանգնած կլինի նաև թուրքական բանակը: Դա կնշանակի, որ պատերազմի մեջ է մտնում նաև Թուրքիան: Սակայն Թուրքիան էլ մտածելու տեղիք ունի, քանի որ իր հետ սահմանին կանգնած է ռուսական բանակը: Հարց է առաջանում՝ արդյո՞ք Թուրքիան պատրաստ է Ալիևի կապրիզների համար պատերազմի մեջ մտնել Ռուսաստանի հետ:
Միևնույն ժամանակ այս ընթացքում Ադրբեջանը պատրաստվում է: Պատրաստվում է ոչ թե թուղթ ու գրիչով բանակցությունների, այլ ռազմական դաշտում ցանկացած պահի խաղի կանոնների փոփոխվելուն: