168.am-ը գրում է.

ՀՀ կառավարությունն այսօր նիստում մերժեց Ազգային ժողովի ԲՀԿ-ական պատգամավորներ Գևորգ Պետրոսյանի, Նորա Առուստամյանի, Վարդան Ղուկասյանի, Արթուր Գրիգորյանի և Հրանտ Մադաթյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Արհեստակցական միությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագիծը:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զառա Բաթոյանը ներկայացրեց, որ պատգամավորներն առաջարկում են սահմանել, որ «արհեստակցական կազմակերպության մասնակիցներ կարող են լինել նաև տնտեսության տարբեր ճյուղերում միևնույն կամ տարբեր գործունեություն իրականացնող գործատուների հետ աշխատանքային պայմանագիր կնքած աշխատողները», սակայն նման դրույթ արդեն գործում է:

«Նախագծի ընդունման պարագայում կստացվի, որ ոչ միայն համապատասխան ճյուղի տարբեր գործատուների հետ աշխատանքային պայմանագիր կնքած աշխատողները կկարողանան միավորվել և ստեղծել արհեստակցական կազմակերպություն, այլև տարբեր ճյուղերի տարբեր գործատուների հետ աշխատանքային պայմանագիր կնքած աշխատողները:

Այս առումով հարկ է նկատել, որ տնտեսության տարբեր ճյուղերում աշխատողներն ունեն մասնագիտական և աշխատանքային տարբեր առանձնահատկություններ: Հետևաբար` տնտեսության տարբեր ճյուղերի գործատուների մոտ տարբեր մասնագիտություններ ունեցող աշխատողների միավորումը մեկ արհեստակցական կազմակերպությունում կարող է հանգեցնել այդ արհմիության անդամների շահերի բախման՝ չնպաստելով աշխատողների իրավունքների և շահերի արդյունավետ պաշտպանությանը»,- ասաց Զ.Բաթոյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել