Անցյալ տարի այս օրը այս բառերով եմ շնորհավորել Ղարաբաղյան շարժման 30֊ամյակը։ Երջանիկ եմ, որ հիմա կարող ենք ասել՝ հպարտության առիթներն ավելացել են, և պետականության կայացման կիսատ գործը շարունակվում է.
«Եթե ինձ հարցնեք, թե որոնք էին հայ ժողովրդի վերջին մի քանի հարյուր տարվա պատմության ամենափառահեղ, ամենահերոսական, ամենապանծալի էջերը, ես կասեմ՝ 1918-ի Սարդարապատն ու 1988-91-ի Ղարաբաղյան շարժումը և դրան հաջորդած ազատամարտը։
Դրանցից առաջինի արդյունքում հայ ժողովուրդը, հյուծված ուդաշնակիցների կողմից լքված, վերանվաճեց իր ապրելու իրավունքը, կանգնեցրեց ցեղասպանությունը և ստեղծեց անկախ պետություն, որը թեև անհաղթահարելի խնդիրների առջև կանգնեց և կարճ ապրեց, բայց ապահովեց պետության կարգավիճակը նոր բազմազգ պետության մեջ և մեզ շունչ քաշելու ու կազդուրվելու ժամանակ տվեց։
Երկրորդի դեպքում, արժանանալով աշխարհի զարմանքին ու լուռ համակրանքին, հայ ժողովուրդը ոտքի ելավ, վերականգնեց անկախ պետականությունը, հաղթեց պատերազմում և ազատագրեց Արցախը։
«Ղարաբաղյան» անունը ստացած հայոց համազգային շարժումը սաղմնավորվեց իբրև առավելապես բնապահպանական շարժում, ապա արագորեն դարձավ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ջահակիրը, աստիճանաբար դրեց հասարակական-քաղաքական բարեփոխումների և ժողովրդավարության պահանջներ և ի վերջո վերածվեց անկախականության: Այն, ըստ էության, ազգային-ժողովրդավարական հեղափոխություն էր։ Հենց այդ շարժումն էր, որ դարձավ այն արժեքային-գաղափարական հենքը, այն համազգային համաձայնությունը, որի վրա ստեղծվեց Հայաստանի Հանրապետությունը։
Ցավոք, շարժման գործը կիսատ մնաց․ մենք այն չսարքեցինք, ինչ երազում էինք 1988-91-ին, բայց հենց այդ շարժումից եմ ես սերում որպես քաղաքացի և որպես քաղաքական մարդ, և հենց այդ գործն է, որ ես պարտավորություն եմ զգում շարունակելու որպես քաղաքացի և քաղաքական մարդ։
Շնորհավոր շարժման տարեդարձը, կեցցե հայոց համազգային շարժումը, կեցցե Հայաստանի Հանրապետությունը, կեցցե ազատ Արցախը, կեցցե այն օրը, երբ մենք իրականություն կդարձնենք մեր երազանքների Հայաստանը»: