Yerkir.am-ը գրում է.

Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանի` ԱԺ նիստերի դահլիճը բարեսրտորեն բոլոր քաղուժերին տրամադրելու պատրաստակամության մասին հայտարարությունից հետո Yerkir.am որոշեց պարզել, թե որքանո՞վ է արժանահավատ դա, ու կա՞ն, արդյոք, իրավական հիմքեր, ըստ որոնց` ցանկացած կուսակցություն կարող է դիմել Ազգային ժողովի ղեկավարությանն ու խնդրել տրամադրել նիստերի դահլիճը:

Հիշեցնենք, որ դեռևս փետրվարի 5-ին Սիմոնյանը, լրագրողների հարցին ի պատասախան, թե նորմա՞լ է համարում, որ որևէ կուսակցություն ԱԺ շենքում նիստեր անցկացնի, ասել էր. «Նորմալ է, և եթե որեւէ կուսակցություն այդ հարցով դիմի ԱԺ նախագահին, ԱԺ նախագահը պարտավոր է դահլիճ տրամադրել, որովհետև այդ դահլիճը չի պատկանում մեկ կամ երկու կուսակցությունների, ՀՀ սեփականությունն է»:

Ազգային ժողովի լրատվության և հանրային կապերի հետ վարչությունը, մեր հարցմանն ի պատասխան, հայտնել է, որ այդ հարցին Ալեն Սիմոնյանն անձամբ պատասխանել է` գրառում կատարելով ֆեսյբուքյան իր էջում: «Մեջս կասկած առաջացավ ասածիս ճշմարիտության մեջ, ու այսօր ճշտեցի, որ վերջիններս չեն կարող ԱԺ դահլիճ վարձակալել և հանդիպում անցկացնել»,- գրել է Սիմոնյանը դեռևս փետրվարի 8-ին (ամբողջական գրառումն` այստեղ):

Այն, որ ԱԺ փոխխոսնակն ընդունում է իր հայտարարության ոչ տրամաբանական լինելը, արդեն իսկ լավ է, բայց որ նա այդ փաստին արձագանքում է 3.5 օր անց, այստեղ արդեն որոշակի հարցեր են առաջանում: Բանն այն է, որ մենք խորհրդարան հարցում ենք ուղարկել դեռևս փետրվարի 6-ին, Սիմոնյանն իր վերոնշյալ գրառումը կատարել է մեր հարցումն ուղարկելուց հետո: Չի բացառվում, որ նրա գրառման պատճառը հենց Yerkir.am-ի հարցումը լինի, որ հետագայում արդարացնի իր ոչ կոմպետենտ հայտարարությունը:

Առհասարակ, հայտարարություններ ու չիմացած փաստեր հրապարակելուց առաջ լավ կլինի, որ թե՛ օրենսդիրի, թե՛ գործադիրի ներկայացուցիչները յոթ չափեն, մեկ կտրեն, այլապես նմանօրինակ միջադեպերի հաճախ ենք հանդիպելու` նրանց մեղայականը փնտրելով ու գտնելով միայն ֆեյսբուքյան տիրույթում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել