ՍԱՊԾ-ում ապօրինությունը նոր արմատներ է գցում։
Ինչպես շատերդ տեղյակ եք, շարունակվում է ՀՀ վարչական դատարանում քննվել իմ հայցով դատական վեճը ընդդեմ ՀՀ ԳՆ ՍԱՊԾ-ի։ 2018թ․-ի դեկտեմբերի 17-ին նշանակված էր դատական նիստ, որտեղ նիստի մեկնարկին ՀՀ ԳՆ ՍԱՊԾ շահերը ներկայացնող իրավաբան Խ․Խաչատրյանը ներկայացրեց միջնորդություն հետևյալ բովանդակությամբ,
որ այլևս ՀՀ-ում գոյություն չունի ՀՀ ԳՆ ՍԱՊԾ, և որ կառույցը վերակազմակերպվել է՝ անվանվելով ՀՀ ԿԱ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին, իմ կողմից միջնորդությանը առարկություն չի եղել և միջնորդության ուսումնասիրման համար դատական նիստը հետաձգվել է։
Այնուհետև այսօր ստացել եմ մի քանի աշխատակիցների կողմից նամակ, ովքեր չեն ցանկացել սեփական անունից հանդես գալ հասկանալի պատճառներով, որ ՍԱՊԾ-ն դեռ չի վճարել 2019թ․-ի հունվար ամսվա աշխատավարձը։ Ըստ աշխատակիցների ՝ խնդիրը ՍԱՊԾ դեռևս վերջնական կարգավիճակ չունենալն է, այսինքն՝ դեռ փաստացի կառավարությանն առընթեր չեն, որ կառավարությունը հաշվարկի և վճարի աշխատավարձերը և ոչ էլ առանձին բյուջե ունեն։
Խնդիրն ուսումնասիրելու համար նայեցի ՀՀ կառավարության կայքէջում, որտեղ նշված է ՀՀ ԿԱ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին, որի կայքն է snund.am։ Երբ հղումով գնում ես, այդ կայքում գրված է, որ դա ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կայքն է, կարծեցի՝ ուղղակի տեխնիկական խնդիր է, և ուղղակի չեն հասցրել կայքում թարմացնել կամ փոփոխել իրենց հիմնարկի անվանումը։ Այնուհետև կայքում տեսա վարչական տուգանք նշանակելու վերաբերյալ որոշումներ, մասնավորապես՝ 2018թ․-ի դեկտեմբերի 25-ի թիվ 495 որոշումը որտեղ գրված է՝ ՀՀ ԳՆ ՍԱՊԾ։
Ամփոփելով՝ ստացվում է, որ ՀՀ ԳՆ ՍԱՊԾ կամ 2018թ․-ի դեկտեմբերի 17-ին է կեղծ միջնորդություն ներկայացրել դատարան կամ 2018թ․-ի դեկտեմբերի 25-ին կայացրել է ոչ իրավաչափ որոշում վարչական տուգանք նշանակելու մասին։
Դե իսկ աշխատանքային օրենսգրքով հստակ կարգավորվում է, որ աշխատավարձը գործատուն պարտավոր է վճարել մինչև աշխատած ամսվան հաջորդող ամսվա 15-ը, և քանի որ այսօր ամսի 18-ն է, ու դեռ չեն վճարվել աշխատավարձերը, ապա սա օրենքի կոպտագույն խախտում է։ Հատկանշական եմ համարում նշել, որ 1997թ․-ից այս կողմ ՀՀ պետական կառավարման համակարգում աշխատավարձի չվճարման առաջին արձանագրված դեպքն է։
Կեցցե՛ տնտեսական հեղափոխությունը։