Ամեն անգամ երբ մի քննադատություն է հնչում որևէ մեկի հասցեին, և այն ակնհայտորեն լինում է տեղին, դրանից ենթադրվում է, որ հակակարված տալն է դժվարանում,  չգիտես ինչու՝ մեր երկրի գրեթե 2.8 մլն կայուն ու մի քանի հարյուր հազար էլ գնացող-եկող անթերի ու հանճարեղ անհատականությունների մտքով անգամ չի անցնում քննադատության մեջ նշված թերությունն ընդունելը: Դա է պատճառը, որ գտնվել է ամենապարզունակ հակադարձումը. «Իսկ դու ի՞նչ ես արել էս ազգի համար, որ քննադատում ես»: Եթե սա ընդամենը պարզունակ հակադարձում լիներ, հոգ չէ, հակադարձողը ցույց է տալիս իր անկարողությունը՝ ոչ ավելին: Բայց վտանգավորն այստեղ այն է, որ այս հնարքով փորձում են մարդկանց ուղղակի լռեցնել: Խոսքի ազատությունը գուցեև համամարդկային արժեք է, ժողովրդավարության անբաժանելի մաս, բայց Հայաստանում ազատ խոսքից կարող ես օգտվել, եթե ինչ որ արժեքավոր բան արած լինես, որպեսզի նվաճես քննադատության իրավունք: Իսկ թե ով է որոշում, ով ինչ է արել այս ազգի ու պետության համար, դա իհարկե խիստ սուբյեկտիվ ընկալում է, և ցանկացածին կարելի է նման կերպ լռեցնել:

Առավոտից երեկո խոսվում է, որ երիտասարդությունը մեր շարժիչ ուժն է, մեր ապագան, նոր ու ճկուն մտքերի ու առաջավոր գաղափարների գեներատորը: Բայց հենց երիտասարդը բացում է բերանը, որ իր շուրջ տեղի ունեցող արատավոր երևույթների ու այդ արատների պատասխանատուների մասին ինչ որ ծպտուն հանի, անմիջապես ստանում է հակահարված՝ «իսկ դու ի՞նչ ես արել…»: Ես և իմ նմանները, եթե անգամ ոչինչ չանենք, չնայած դա հաստատ այդպես չէ, բայց եթե անգամ չաշխատենք էլ, ապա մեր երկրում գոնե շարքային սպառող ենք: Ու նաև մեր օգտագործածից, մեր սպառածից են առաջանում հարկեր, որով և համալրվում է պետական բյուջեն, որով էլ ապրում  ու շնչում է մեր երկիրը: Այսինքն ես մասն եմ ու մասնակիցը այս համընհանուր պետական համակարգի՝ անկախ իմ զբաղեցրած դիրքից ու կարգավիճակից:

Մի հասարակ օրինակ բերեմ, որպեսզի այդ պրիմիտիվ հակադարձողներին ավելի հասկանալի լինի իրենց վարքագծի աբսուրդը: Աշխարհահռչակ ֆուտբոլիստն անգամ, եթե դաշտում մի սխալ է թույլ տալիս, անմիջապես լսում է սուլոցներ ու հայհոյանքներ: Բայց նրա մտքով անգամ չի անցնում, որ դադարեցնի խաղն ու դիմի հանդիսատեսին, թե դու ինձնից լավ ե՞ս խաղում, որ ինձ քննադատում ես, կամ էլ իսկ դու ի՞նչ ես արել ֆուտբոլի համար…: Էլ չեմ խոսում այն մասին, որ թիկնապահներին ուղարկի տրիբունաներ՝ իրեն քննադատողներին կարգի հրավիրելու համար: Այո՛, ես ֆուտբոլիստ չեմ, բայց տոմս եմ գնել, հրմշտոցի միջով ստադիոն հասել, կոկորդս պատռել քո հաջողության համար, ու իրավունք վաստակել նաև սուլել քո սխալ քայլի դեպքում, եթե անգամ դու աշխարհի ամենալավ ֆուտբոլիստն ես, իսկ ես ընդամենը շարքային ցավող(болельщик):

Կարծում եմ, նրանք ովքեր անընդունակ են ընկալել ու հանդուրժել այս պարզ իրողությունը, պետք է ուղղակի ասպարեզ չմտնեն, դաշտ դուրս չգան. լինի դա քաղաքական, հասարակական, թե մարզական:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել